«Հրապարակ» թերթը գրում է․ «Օգոստոսի 8-ին վաշինգտոնյան երկկողմ համաձայնագրի երաշխավոր Դոնալդ Թրամփը Փաշինյանի եւ Ալիեւի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե այսուհետ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ են ունենալու։ «Եթե խնդիր լինի, զանգեք ինձ», հատկապես Փաշինյանին առաջարկեց նա` հույսեր արթնացնելով, որ «տիրություն է անելու», եւ Փաշինյանն էլ, երբ ուզենա, կարող է կապվել նրա հետ։ Որոշ տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը որոշել է բողոք հղել ԱՄՆ նախագահին (լուրեր կան, որ արդեն հղել է) Ալիեւի կողմից պայմանավորվածությունները խախտելու մասին։ «Թրամփի ուղի» բառակապակցության փոխարեն Ալիեւը ստորագրումից հաշված օրեր անց սկսեց օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ բացահայտելով ՀՀ իշխանությունների սուտը: Բողոքի մյուս կետն էլ ադրբեջանական բանակը զինելու հայտարարություններն են։ Ասում են, որ ԱՄՆ-ում Փաշինյանը պահանջել է, որ գոնե մինչեւ մեր ընտրություններ Ալիեւը չկիրառի «միջանցք» բառը, սակայն Թրամփն էլ այդ օրը Փաշինյանի ներկայությամբ առնվազն երեք անգամ միջանցք տերմինն օգտագործեց»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է, չնայած թվացյալ անդորրին, քաղաքական ուժերը նախապատրաստությունների մեջ են` 2026-ի ընտրություններին ընդառաջ։ Կան տեղեկություններ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես սկսել է նախապատրաստական աշխատանքները: Նրա թիմում խոսում են, թե Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի մասնակցելու առաջիկա ընտրություններին, թեեւ նախորդ ընտրություններից հետո շատ հիասթափված էր ՀՀ ընտրողից: Թիմում ասում են, որ Ծառուկյանը որոշել է ոչ թե հին` «մաշված» դեմքերով, հանրությանը հայտնի ԲՀԿ-ականներով մասնակցել ընտրություններին, այլ ռեբրենդինգ է սկսել` լրիվ նոփ-նոր մարդիկ են լինելու ցուցակում, մի քանի բացառություն չհաշված, որոնց ինքը շատ է վստահում, եւ հանրության համար էլ ընդունելի դեմքեր են։ Իրեն պատկանող «Կենտրոն TV»-ին էլ է զգուշացվել, որ պետք է ինտենսիվ աշխատեն եւ արդեն սկսեն նախընտրական քարոզչությանը պատրաստվել։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանին հարցրինք՝ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունե՞ն։ «Չեմ ցանկանում մեկնաբանել»,- կարճ-կոնկրետ պատասխանեց Աբովյանը։ Երեւի թիմին ասվել է` դեպքերից առաջ չընկնել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանը, որը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, 2025 թվականի սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ 44-օրյա (2020 թ.) պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացվելու է սեպտեմբերի 27-ին հաջորդող Ազգային ժողովի լիագումար նիստի համապատասխան օրերին։ Եվ ահա նախօրեին Քոչարյանը հայտարարություն էր տարածել, որ զեկույցն արդեն Ալեն Սիմոնյանին է ուղարկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է որոշի, թե զեկույցի որ մասն է բաց ներկայացվելու հանրությանը, որ հատվածը՝ գաղտնագրվելու: Զավեշտալին այն է, որ Քոչարյանը հանձնաժողովի ոչ մի անդամի այդպես էլ չի ներկայացրել, թե ինչ է գրել զեկույցում, ինչ է ուղարկել Սիմոնյանին: Մեծ հաշվով, այդ զեկույցը իրավական առումով աղբ է, քանի որ հանձնաժողովի ժամկետները վաղուց սպառված են, եւ զեկույց ներկայացնելու իրավական հնարավորությունը արդեն բաց է թողնված: Եթե Ալեն Սիմոնյանը որոշի այն նիստերից մեկում քննարկել, դա կլինի ապօրինի, քանի որ բոլոր ժամկետները տվյալ հանձնաժողովի գործունեության համար լրացել են վաղուց. այդ հանձնաժողովը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, գոյություն չունի արդեն 1 տարուց ավելի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում թեժ պայքար է ընթանում վարչության նոր կազմում հայտնվելու համար: Ավելին, ըստ մեր աղբյուրների՝ ամեն բան արվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի «սիրելիներին» վարչությունից դուրս թողնելու համար: Կուսակցության ներսում որոշ խմբեր իրականացնում են հակաքարոզչություն միմյանց դեմ՝ փորձելով ազդել վարչության ընտրության արդյունքների վրա: Ըստ մեր աղբյուրների՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը չի ցանկացել այս անգամ առաջադրվել որպես վարչության անդամ (նա մայրիկ պիտի դառնա մեկ ամսից), բայց ներքին խարդավանքներ է հյուսում իր համար անցանկալի անձանց դեմ՝ ՔՊ իշխող վարչության կազմ նրանց մուտքը խափանելու համար: Դավոյանը թշնամական է տրամադրված հատկապես Ալեն Սիմոնյանի ու Տիգրան Ավինյանի հանդեպ: Ներքին պայքարը հիմնականում կենտրոնացած է այն հարցի շուրջ, թե արդյոք վարչության կազմում պետք է լինեն Ալեն Սիմոնյանի թեւը ներկայացնող անձինք՝ Հասմիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Կուսակցության որոշ անդամներ փորձում են ընտրությունների միջոցով ապահովել, որ իրենց ազդեցությունը պահպանվի կամ ուժեղանա վարչությունում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին՝ վարչության նոր կազմի ընտրության ժամանակ, խայտառակ կեղծիք եղավ, որը բացահայտեց «Ժողովուրդ» օրաթերթը, եւ նոյեմբերի 4-ին իշխող կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքները սխալ են հաշվարկվել, ու իրականացվեց քվեաթերթիկների վերահաշվարկ։ Արդյունքում վարչության կազմից դուրս մնացին իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմ մտան պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը։ Հիմա ամեն բան արվում է, որպեսզի սեպտեմբերի 20-ին նույն սցենարը չկրկնվի, բայց որեւէ երաշխիք չկա»։