ՊՎԾ ղեկավարի պաշտոնից ազատված ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել մեծ թվով ՊՎԾ կադրերի, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
ԶԼՄ-ն ՊՎԾ պաշտոնական կայքէջից տեղեկացել է, որ այս պահին կառույցը չունի խոսնակ, թափուր են ծառայության ղեկավարի երկու խորհրդականի, մեկ օգնականի, տնտեսական ոլորտի վերահսկողության պետի, հանրային կապերի բաժնի պատասխանատուի հաստիքները:
Ավելի վաղ օրաթերթը գրել էր, որ Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում և յուրայիններին նշանակում, այլև «սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից»։
ՀԷՑ-ի պետականացման ծրագրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել էր հունիսի 18-ին: Նույն օրը կալանավորվել էր ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ եկեղեցուն ուղղված իշխանությունների արշավի ֆոնին ՀԱԵ-ին աջակցող հայտարարությունից հետո: ՀԷՑ-ի պետականացման շուրջ գործընթացները մեկնարկել էին, երբ հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
