Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Բռնության եւ ոտնձգության վերաբերյալ կոնվենցիան վավերացնելու նախագծին

«Բռնության եւ ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190 կոնվենցիան պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաեւ վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները եւ աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին եւ աշխատանքի դիմողներին: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով ««Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Կոնվենցիան վերաբերում է նաեւ գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձանց:

Այն սահմանում է աշխատանքում «բռնություն եւ ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաեւ անդամ պետության գործողությունները՝ աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու եւ բացառելու ուղղությամբ:

Փոխնախարարի տեղեկացմամբ կոնվենցիան կիրառվում է ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում: Այն կիրառվում է աշխատանքում բռնության եւ ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից:

Կոնվենցիան ստորագրվել է 2019 թվականի հունիսի 21-ին, առայսօր վավերացվել է 50 պետության կողմից:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկելու ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Leave a Comment