«Մոնտերեյի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ հաշվարկում է շահել «Գրեմմի» երաժշտական մրցանակը, իսկ հետագայում՝ Չեմպիոնների լիգան՝ որպես մարզիչ:
«Ես լավատես եմ: Միշտ խորհուրդ եմ տալիս մարդկանց երազել… Ես պատկերացնում եմ ինձ և՛ այս, և՛ այն դերում՝ Չեմպիոնների լիգան հաղթելով որպես մարզիչ և «Գրեմմի» շահելով առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ընդ որում՝ դա կլինի ավելի վաղ: Կյանքի այս փուլում ես ցանկանում եմ զբաղվել երաժշտությամբ, կիսվել իմ փորձով մարդկանց հետ:
Առաջիկա 5-7 տարիներին ես պատկերացնում եմ, որ ավելի շատ կզբաղվեմ երաժշտությամբ, քանի որ երաժշտությունը թույլ է տալիս ստեղծագործել և տանը լինել… ժամանակ հատկացնել ընտանիքին»,- Ռամոսի խոսքն է մեջբերում ESPN-ը:
Օգոստոսի վերջին 39-ամյա իսպանացին հայտարարել էր իր առաջին թրեքի մասին, որը կոչվում է «Cibeles»՝ ի պատիվ Մադրիդի շատրվանի, որի մոտ «Ռեալի» երկրպագուները նշում են ակումբի հաղթանակները: