Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սահմանամերձ Բերդավան գյուղում աշակերտները դասեր են անում 20 տարածքում․
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցն ունի 5 մասնաշենք, դրանք, բացի դպրոցի ճաշարանից, այժմ հիմնանորոգման մեջ են։ Տավուշի մարզպետարանից լրագրողիս հայտնել էին, որ Բերդավանի դպրոցում նոր ուսումնական տարին սկսելու են հեռավար ուսուցմամբ։ Սակայն Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրինությունը խնդիրն այլ կերպ է լուծել։ Դասերն անցկացվում են գյուղի մշակույթի տանը, երաժշտական դպրոցում, Բերդավանի բնակիչների տրամադրած տարածքներում, ընդհանուր՝ 20 տեղ։ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Նասիբյանն ասաց, որ տպավորված է համագյուղացիների նվիրական վերաբերմունքից, համախմբվածությունից։ Նա հայտնեց, որ գյուղի մշակույթի տանը վաղը տեղադրելու են էլեկտրական և մետաղյա զանգեր։ Դպրոցի ուսուցչանոցի համար սենյակ է տրամադրվել Բերդավանի գյուղապետարանի շենքում։ Ա․ Նասիբյանն ասաց, որ անցած ուսումնական տարում Բերդավանի դպրոցն ուներ 405 աշակերտ, այս տարի՝ 416 աշակերտ, դպրոցի աշակերտներն ավելացել են Արցախից բռնագաղթած, Բերդավան վերաբնակված ընտանիքի, և Նոյեմբերյան համայնքի այլ բնակավայրերից Բերդավան տեղափոխված ընտանիքների երեխաների հաշվին։ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի խոսքերով՝ հունվար ամսին դպրոցի շենքի նորոգումը կավարտվի ու աշակերտները կտեղափոխվեն հիմնանորոգված դպրոց»։