ԵԱՀԿ գործող նախագահն ու գլխավոր քարտուղարը ողջունում են Մինսկի գործընթացի դադարեցումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնեն եւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերդուն Սինիրլիօղլուն ողջունել են Մինսկի խմբի գործընթացը եւ դրանց հետ կապ ունեցող կառույցները դադարեցնելու Նախարարների խորհրդի որոշումը, նշված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ցանկանում եմ եւս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքները հայտնել Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պատմական պայմանավորվածության հասնելու, ինչպես նաեւ դրանց շուտափույթ իրականացումն սկսելու նրանց վճռական որոշման կապակցությամբ»,- ասել է ֆինն նախարար Վալտոնեն։

«Սա պատմական իրադարձություն է, որն ընդգծում է, թե ինչի կարելի է հասնել դիվանագիտության միջոցով տասնամյակների հակամարտությունից եւ անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ կողմերի՝ ընդհանուր լեզու գտնելու վճռականության դեպքում համաձայնությունը հնարավոր է»,- իր հերթին հայտարարել է Գլխավոր քարտուղար, թուրք քաղաքական գործիչ Սինիրլիօղլուն։

ԵԱՀԿ Նախարարների խորհրդի այս որոշումը հաջորդել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրված համատեղ հռչակագրին։ Որոշումն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր 57 անդամ-պետությունների համաձայնությամբ։

Leave a Comment