Հայաստանը ԱԶԲ-ից կստանա 45.3 մլն եվրո՝ առողջապահության որակը բարելավելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/.   Հայաստանի կառավարությունը արդյունքահեն վարկային ծրագրով Ասիական զարգացման բանկից 45.3 մլն եվրո վարկ կներգրավի՝ առողջապահության  ոլորտում որակի բարելավման նպատակով: Այս մասին  հայտարարել է  ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ վարկային ծրագիրը նպատակ ունի ապահովել որակը առողջապահական համակարգում։

«Որակի բարելավումը ներառում է մի շարք ուղղություններ՝ ենթակառուցվածքների բարելավում, գործընթացների կազմակերպում, բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և այլ միջոցառումներ»,-նշել է Նանուշյանը։

Նախարարի տեղակալը հայտնել է, որ 3.11% լողացող տոկոսադրույքով վարկի ժամկետը 18 տարի է՝ 7 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։

Ինչպես ավելի վաղ նշել էր ԱԶԲ-ի Հայաստանում մշտական ​​​​առաքելության տնօրեն Դոն Լամբերտը, առողջապահության որակի բարելավման ծրագրի նպատակներն են 24 բժշկական հաստատությունների արդիականացումը, որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև մոնիթորինգի և հաշվետվողականության լավարկումը։

Ասիական զարգացման բանկի մասին

 Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ իր համագործակցության սկզբից՝ 2005թ․–ից, երկրի տնտեսության մեջ կատարել է 1,9մլրդ դոլարի ներդրում, ինչը այն դարձնում է երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը: Դրանք ներառում են տրանսպորտի, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքային ենթակառուցվածքների ոլորտներում նախագծեր, մինչդեռ մասնավոր հատվածում ԱԶԲ-ն աջակցում է կոմունալ ծառայություններին և ենթակառուցվածքներին, ֆինանսական հաստատություններին և գյուղատնտեսական բիզնեսին։

Leave a Comment