Հայաստանին կտրամադրվի 45,3 եվրոյի վարկ առողջապահության որակի լավարկմանն ուղղված ծրագրի համար. նախագիծ


«ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև ««Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 1-ի հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նախ շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ապա հանձնաժողովը սկսել է հարցի քննարկումը: Այդ մասիմ հայտնում են ԱԺ-ից:


ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ՝ նախագիծն արդյունքահենք վարկային ծրագիր է՝ ուղղված առողջապահության ոլորտում որակի բարելավմանը:


Համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից և համահունչ է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությանը:


Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի փետրվարի 28-ին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45,3 եվրո արժողությամբ վարկ՝ առողջապահության որակի լավարկմանն ուղղված ծրագրի իրականացման համար: Այն կաջակցի Հայաստանին բարելավելու բժշկական օգնության և սպասարկման որակը:


Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետևյալ ուղղություններով`


առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում,


առողջապահական ծառայությունների որակի գնահատում և հաշվետվողականության թվայնացում ու ինստիտուցիոնալացում,


բժշկական հաստատությունների լիցենզավորում,


առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում,


հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում,


էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավում:


Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ ծրագիրը մշակվել է վերջին երկու տարվա ընթացքում, որին զուգահեռ իրականացվել են նախանշված ցուցանիշների ապահովմանն ուղղված մի շարք քայլեր: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացրելով պարզաբանումներ համաձայնագրով նախանշված քայլերի, ծրագրով սահմանված՝ 7 մասնահանման հետ կապակցված ցուցանիշների վերաբերյալ: Անդրադառնալով առողջապահական հաստատությունների կառուցմանն ու վերազինմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ենթակառուցվածքներն առողջապահական բժշկական ծառայությունների որակի ապահովման գլխավոր հիմնաքարերից են: Ըստ համաձայնագրի՝ 24 բժշկական հաստատություններ պետք է կառուցվեն կամ վերակառուցվեն նոր չափանիշներին համապատասխան, որի համար նախատեսվել է 16,76 մլն եվրո:


Խոսելով առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացման մասին՝ Լենա Նանուշյանը նշել է, որ ծրագրով կիրականացվի բժիշկների լիցենզավորման գործընթացը:


Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:


Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է երկու ամիս ժամկետով:


Վերջում հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2025-2026 թվականների տարեկան ժամանակացույցը:

Դիտումների քանակ2

Leave a Comment