Սևանա լճում ջրիմուռների ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն արձանագրվել, ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած պարզաբանման մեջ։
Շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան Սևանա լճի «ծաղկելու» վերաբերյալ փորձագետ Այսեր Ղազարյանի գրառմանը հայտարարում է, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը շարունակում է մնալ նախարարության մասնագիտական ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Նախարարության փոխանցմամբ՝ եթե վերջին տարիներին լճի կանաչացումը պարբերաբար կրկնվող երևույթ էր, ապա 2024-2025 թվականներին գործընթացը նկատելիորեն նվազել է։
Օգոստոսի 27-29-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական հետազոտություններն են իրականացրել Սևանա լճում։ Դաշտային աշխատանքների ընթացքում ծաղկման ինտենսիվացման դեպքեր չեն արձանագրվել։ Ջրի նմուշառումներ կատարվել են ինչպես մակերևութային, այնպես էլ խորքային շերտերից։
Ըստ նախարարության հաղորդագրության՝ լաբորատոր և դաշտային հետազոտությունների առաջնային արդյունքների համաձայն՝ Ջրի թափանցիկությունը Մեծ Սևանում 4․8 մ է, իսկ Մեծ Սևանում՝ 5․6 մ։
«Ջրում լուծված թթվածնի պարունակությունը մակերևութային և միջին շերտերում բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտերում դիտվել է 1․1-5․5 մգ/լ տիրույթում («միջակից»-«վատ» որակ)։ Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան մակերևութային շերտերում գնահատվում է 1-2-րդ դաս («գերազանց»-«լավ» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 2-3-րդ դաս («լավ»-«միջակ» որակ)։ Ամոնիում իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 3-4-րդ դաս («միջակից»-«անբավարար» որակ)։
Նիտրատ իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 1-2րդ դաս («գերազանց»-«լավ» որակ)։ Օգոստոս ամսվա ջրի որակի լաբորատոր փորձարկումները դեռևս շարունակվում են, տվյալները ամբողջական լինելու դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճ-Թերակղզի, Սևանա լիճ-Շորժա, Սևանա լիճ-Կարճաղբյուր, Սևանա լիճ-Մարտունի հիդրոլոգիական դիտակետերում 08։00 դրությամբ ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել»,-ասված է պարզաբանման մեջ։