Արմավիրի մի շարք դպրոցների աշակերտները սեպտեմբերի 1-ը կդիմավորեն այլ դպրոցներում

Արմավիրի մարզում դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներ են ընթանում. կառուցվում է 12 դպրոց, որից 4-ը՝ կրթահամալիր, հիմնանորոգվում է 13 կրթօջախ: Շինարարական աշխատանքների պատճառով նոր ուսումնական տարում այդ դպրոցների աշակերտների դասերը կկազմակերպվեն այլ դպրոցներում՝ երկհերթ: Արմավիր քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները սովորելու են ամենամոտիկ՝ թիվ 5 դպրոցի մի մասնաշենքում: Նրանք  ապահովված են ուսման համար անհրաժեշտ պայմաններով: Դասերը կսկսեն կեսօրից հետո, կավարտեն երեկոյան մինչև ժամը 8-ը:

Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն ոչ թե իրենց հարազատ դպրոցում, այլ Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում, որտեղ սովորելու են երկրորդ հերթով, իսկ կրտսեր դպրոցը կշարունակի մնալ իր մասնաշենքում: Անհարմարությունները պայմանավորված են դպրոցի եռահարկ մասնաշենքի հիմնանորոգմամբ՝ բացատրում է Վարդան Բախշյանի անվան Արմավիրի թիվ 2 դպրոցի տնօրեն Գևորգ Առաքելյանը:

«Սանհանգույցները խայտառակ վիճակում էին, էլ նորմալ չէր սպասարկում, ջեռուցումը չէր աշխատում, հոսանքի գծերը լրիվ փչացած էին, անմխիթար վիճակում»:

Շինարարական աշխատանքները կընթանան դեռ մի քանի ամիս։ Սակայն դպրոցը դրանից չի տուժի, դասերը շարունակելու են ամենամոտ՝ Անդրանիկ Օզանյանի անվան դպրոցում: Այստեղ բոլոր պայմաններն ապահովել են հյուրընկալվող դպրոցի համար՝ հավաստիացնում է դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանը:

«13 դասարան մենք 14:20-ից տրամադրելու ենք իրենց. 14:30 կսկսվեն իրենց դասերը: Ուսուցիչներին տրամադրել ենք համակարգչային դասասենյակ, առանձին աշխատասենյակ՝ վարչական կազմին, ուսուցչանոց: Մենք ամբողջովին պատրաստ ենք իրենց ապահովել»:

Արմավիրի թիվ 5 դպրոցում սովորում է 1300 աշակերտ, իսկ  թիվ 2-ում՝ 670: Տնօրենը որոշել է դասերը սկսել 8։30: Երկհերթ ուսուցում լինելու է բոլոր այն կրթօջախներում, որտեղ հիմնանորոգվող ու կառուցվող դպրոցների աշակերտներ են տեղափոխվել: Թիվը փոքր չէ՝ շեշտում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:

«Մեր մարզում լայնածավալ դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում, ունենք նոր կառուցվող, հիմնանորոգվող ու վերանորոգվող շատ դպրոցներ: Ընթացքի մեջ են Ալաշկերտի, Քարակերտի թիվ 2, Մեծամորի, Նորակերտի, Խանջյանի, Նորավանի, Այգեկի միջնակարգ և Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցները»:

Նշված ութ դպրոցներում հիմնանորոգում է, և սեպտեմբերի 1-ից գյուղական դպրոցների աշակերտների դասերը կկազմակերպվեն հարևան գյուղերում: Աշակերտների տեղափոխման ծախսերն ու տրանսպորտը հոգալու է ԿԳՄՍ նախարարությունը: Արմավիրի մարզում 12 նոր դպրոց է կառուցվում, որից 4-ը՝ կրթահամալիր,  13-ն էլ հիմնանորոգվելու են՝ ընգդծում է Սոնյա Բուդաղյանը.

«Ութ դպրոցներում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են և տարբեր փուլերում են գտնվում, իսկ 5 դպրոցում շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին  տասնօրյակում: Դրանք  են Հովտամեջի, Ծիածանի, Սարդարապատի, Նորապատի և Այգեվանի միջնակարգ դպրոցները»:

Երասխահունի դպրոցի երեխաները նույնպես տեղափոխվելու են հարևան գյուղի դպրոց:

«Երասխահունում երեխաները իրենց հին դպրոցի շենքում էին կրթությունը շարունակում, որպեսզի զուգահեռ ընթանան և՛ բակային, և՛ բուն շինարարական աշխատանքները, մենք իրենց տեղափոխել ենք Եղեգնուտի միջնակարգ դպրոց»:

Կառուցվող դպրոցների հին շենքերը քանդվում են: Երասխահունի կրթահամալիրը նախատեսվում է շահագործել 2026թ-ի ավարտին, իսկ նոր ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին՝ նաև Մրգաշատի 1-ին միջնակարգ դպրոցը:

Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանը չի թաքցնում ժպիտը՝ խոսելով  լայնածավալ դպրոցաշինության մասին:

«Հետևում եմ այս ծրագրերին, և՛ գյուղական բնակավայրերում, և՛ բոլոր դպրոցները մեծ թափով վերանորոգվում են, ինչը գովելի է ու տրամադրող: Այսօր արդյունավետ ու որակյալ կրթություն ապահովելու համար շատ կարևոր է այդ միջավայրը»:

Թիվ 5 դպրոցն իր միջոցներով է կազմակերպում ներքին խնդիրների լուծումը՝ վերանորոգել է մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, ճաշարանը, ինչպես նաև դասասենյակները:

Leave a Comment