Չպետք է մոռանանք` հենց ռուսական աջակցությամբ է մեր պետությունը մինչ այժմ պահպանել իր գոյությունը. Հարությունյան


Ներքաղաքական

Վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ «Թրամփի մայրուղու» թեման, մասնավորապես՝ ԱՄՆում ստորագրված հռչակագրի նշանակությունը, դրա հնարավոր հետեւանքներն ու արդյունքները Հայաստանի համար։ Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետհանուն նոր Միության» շարժման վերլուծականքաղաքագիտական հանձնախմբի ղեկավարքաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆում ստորագրված եռակողմ հռչակագիրը, որով, ըստ էության, Սյունիքում բացվում է «Թրամփի մայրուղի»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այն Հայաստանի համար։

Այդ նախաձեռնությունը Հայաստանի համար ամենամեծ վտանգներից մեկն է։ Եթե Սյունիքի միջով ստեղծվում է, այսպես կոչված, «Թրամփի մայրուղի», ապա պետք է գիտակցենք, որ սա միայն տնտեսական ծրագիր չէ։ Այն ունի նաեւ քաղաքական ու աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Այսօր նույնիսկ խոսակցություններ կան, որ Երեւանում եւս փորձում են նմանատիպ նախագծեր իրականացնել՝ փողոցներ կամ ճանապարհներ անվանելով այդ ուղղությամբ։

Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունների քաղաքականության մեջ չկա հստակ ռազմավարություն, ոչ էլ նույնիսկ պարզ տակտիկա։ Նրանք քայլեր են անում, որոնք վտանգի տակ են դնում ոչ միայն մեր պետական շահերը, այլեւ մեր ինքնիշխանությունը։

Պետք է տեսնել լայն պատկերը. ամբողջ աշխարհն այսօր ապրում է քաոսի մեջ։ Այդ քաոսը ստեղծվել է հատկապես արեւմտյան քաղաքականության հետեւանքով, երբ տարբեր երկրներում կազմակերպվեցին գունավոր հեղափոխություններ։ Մենք դա տեսանք Ուկրաինայում, Հայաստանում, այժմ փորձում են նույնը անել Սերբիայում։ Սակայն, քաոս ստեղծող ուժերը հաճախ իրենք էլ են հայտնվում նույն իրավիճակում։

Այս մայրուղու ծրագիրը, իմ կարծիքով, մեր պետության համար դավաճանության գործողություններից մեկն է։ Այն ուղղակիորեն ծառայում է թուրքական եւ ադրբեջանական ծրագրերին։ Չպետք է մոռանանք, որ Բաքուն մշտապես խոսում է, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարի մասին, պահանջում է հայերի տեղահանման արդյունքում հեռացած շուրջ 300 հազար մարդկանց վերադարձ։ Այս համատեքստում Սյունիքի միջով անցնող ճանապարհը դառնում է գործիք հենց այդ ծրագրերի իրականացման համար։

Ես նաեւ տեղեկություններ ունեմ, որ Երեւանում վերջին տարիներին կառուցվող որոշ շենքեր ֆինանսավորվում են ադրբեջանական ու թուրքական կապիտալով։ Նույնիսկ հայ շինարարները, որոնք ներգրավված են այդ գործընթացում, գիտակցում են, որ դրանք նախատեսված են ապագայում տեղափոխվելիք ադրբեջանցիների համար։ Սա կապ ունի, այսպես կոչված, «Մեծ Թուրան» նախագծի հետ, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար։

Ռուսաստանը, որտեղ մոտ 12 տոկոս բնակչություն կազմում են մահմեդականները, նույնպես կարող է դառնալ այդ ծրագրերի թիրախ։ Այդ պատճառով մեր միակ իրական դաշնակիցը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Պատմությունը ցույց է տվել, որ առանց ռուսական աջակցության՝ մենք չենք կարողացել գոյատեւել։ Այսօր, երբ Հայաստանը կանգնած է նման վտանգների առաջ, մենք պարտավոր ենք գնահատել մեր պատմական փորձը եւ հասկանալ, որ առանց հուսալի դաշնակցի, մեր ապագան վտանգված է։

Քաղաքական տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք վերջերս Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիան, որի հեղինակներն էին հայտնի արեւմտամետները:

Իմ կարծիքով` սա շատ վտանգավոր քայլ էր, որը բառերով անգամ դժվար է գնահատել։ Այն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի դեմ։ Չպետք է մոռանանք, որ հենց ռուսական աջակցությամբ է մեր պետությունը մինչ այժմ պահպանել իր գոյությունը։

Համոզված եմ, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ նման գործողություններ կրկնվեն։ Ճիշտ է, երբեմն ռուսական կողմը թերանում է փափուկ ուժի կիրառման մեջ, սակայն այն ունի հզոր բանակ եւ ռազմածովային ուժեր, որոնց վրա էլ հիմնվում է իր քաղաքականությունը։ Կարծում եմ՝ տեղի ունեցածը ներսում գործող որոշ խմբերի ձեռքի գործն է։ Դա կարող է հետագայում նաեւ դառնալ դատական կամ քաղաքական գործընթացների առիթ։

Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, որոնք Ղարաբաղյան պատերազմի օրերին ծառայել են հայկական բանակում, հատկապես` հետախուզությունում։ Նրանք քիչ են հիշատակվում, սակայն իրենց ներդրումը անգնահատելի է եղել։ Նշեմ, որ այդ ժամանակ մեր ռազմական հետախուզությունը սերտ կապի մեջ էր ԽՍՀՄ նախկին ռազմական կառույցների հետ։

Այսօր մենք կանգնած ենք համաշխարհային նոր մարտահրավերների առաջ։ Իրավիճակը որոշ առումով հիշեցնում է ազատագրական պայքարի տարիները. ամեն ինչ դանդաղ է զարգանում, բայց հույս ունեմ, որ իրավիճակը կփոխվի։ Ռուսաստանը կրկին կարող է ուշադրություն դարձնել Հայաստանին՝ որպես իր պատմական դաշնակցի եւ քաղաքակրթական գործընկերոջ։

Պարոն Հարությունյան, այն խնդիրները, որոնց արդեն անդրադարձանք, ինչպիսի՞ հետեւանքներ կարող են ունենալ հայռուսական հարաբերությունների վրա։

Կարծում եմ՝ հայռուսական հարաբերություններում ավելի վատ փուլ դժվար է պատկերացնել։ Այս իշխանություններն ամեն քայլով հակադրվում են Ռուսաստանին։ Նույն ուղղությամբ գործում են նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում են իրենց շահերն առաջ տանել։ Ռուսական կողմը, զբաղված լինելով ուկրաինական ճակատով եւ տարածաշրջանային խնդիրներով, որոշ առումով ստիպված է մանեւրել։ Այդուհանդերձ, աշխարհաքաղաքական բարդությունները, մասնավորապես Իրանի եւ Ադրբեջանի հետ կապված հարցերը, չեն թողնում, որ գործընթացներն ընթանան պարզ ուղով։

Ռուսաստանը, կարելի է ասել, այսօր դիմակայում է համաշխարհային ճնշմանը։ Արեւմուտքը շարունակում է աջակցել Ուկրաինային՝ տրամադրելով մեծաքանակ ռեսուրսներ։ Այդ ամենը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում ոչ միայն Ռուսաստանի վրա, այլեւ` ամբողջ տարածաշրջանի կայունության։

Այս համատեքստում պետք է նշել, որ մարդկանց վերաբերմունքը նույնպես փոխվել է։ Մարդիկ ավելի քննադատաբար են մոտենում ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլեւ` լրատվական դաշտին։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ իրավիճակը շատ բարդ է։ Կորուստներ կան բոլոր կողմերի մոտ, սակայն հատկապես ծանր է Ուկրաինայի դրությունը։ Մեր խնդիրը պետք է լինի իրատեսորեն գնահատել իրավիճակը եւ հաշվի առնել բոլոր հնարավոր զարգացումները։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Leave a Comment