Թուրքիայի խորհրդարանը կոչ է արել կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին Գազայի հատվածում իր ցեղասպանական քաղաքականության համար և դիմել է աշխարհի օրենսդիր մարմիններին դադարեցնել Իսրայելի հետ ռազմական և առևտրային կապերը: Այս մասին ասվում է խորհրդարանի բանաձևում, որը միաձայն ընդունվել է Գազայի իրավիճակին նվիրված արտակարգ նիստից հետո:
«Մենք կոչ ենք անում կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին, մինչև նրա կառավարությունը չհրաժարվի իր ցեղասպանական քաղաքականությունից: Կոչ ենք անում բոլոր ազգային խորհրդարաններին դադարեցնել Իսրայելի հետ ռազմական և առևտրային հարաբերությունները և անհապաղ միջոցներ ձեռնարկել Պաղեստինի դեմ էմբարգոն վերացնելու համար», — նշվում է խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի ստորագրած փաստաթղթում:
Բանաձևում նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում Գազայում մահացել է 70,000 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, ավելի քան 150,000-ը ստիպված են եղել լքել անկլավը, իսկ նրա քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացվել են: «Պաղեստինցի կանայք, երեխաները և տարեցները դատապարտված են սովի և մահվան Իսրայելի իշխանությունների կողմից: Դժբախտաբար, ոչ մի միջազգային կազմակերպություն, բացի Միջազգային քրեական դատարանից, չի փորձում կանխել Իսրայելի կառավարության անօրինական որոշումներն ու կոտորածները: Այսօր մեր խորհրդարանը հավաքվել է՝ աշխարհի խորհրդարաններին փոխանցելու մեր առաջարկներն ու պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության կոչերը: Հույս ունենք ազգային օրենսդիր մարմինները կաջակցեն մեզ», — ասվում է բանաձևում:
Տեքստում նշվում է, որ թուրք խորհրդարանականները խստորեն դատապարտում են Իսրայելի կողմից Պաղեստինի երկարատև օկուպացիան: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ անհապաղ և մշտական հրադադարի, զորքերի դուրսբերման և Գազա մարդասիրական օգնության անխափան մատակարարման հասնելու համար», — ընդգծվում է բանաձևում:
Այն նաև նշում է, որ տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհը 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծումն է: