Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին ճապազրույցի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ավարտվել է Մակունցի պաշտոնավարումն ԱՄՆ-ում որպես դեսպան: Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
Նոր դեսպան է նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը:
Լիլիթ Մակունցի անունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեգծում վաղուց է հայտնի։ Շատերը նրան համարել են վարչապետի «անգին քարերից» մեկը՝ սառը, անշարժ, բայց անփոխարինելի։
Բայց երբ «անգին քար» ես ոչ թե պետության հիմքերում, այլ ղեկավարի մատանու տեղում, արժանիքն ու արժեքը ընկնում են հարցականի տակ։ ԱՄՆ-ում տարիների ընթացքում նրա հիմնական նվիրումը եղել է Փաշինյանի, ոչ թե Հայաստանի համար։
Դեսպան նշանակվելով ԱՄՆ-ում՝ նա ստացավ բացառիկ հնարավորություն Հայաստանի շահերը ներկայացնելու աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներից մեկում։ Բայց տարիների անցման հետ ավելի ակնհայտ դարձավ, որ նրա իրական ծանրակշիռ ծառայությունները եղել են ոչ թե Հայաստանի, այլ անձամբ վարչապետի համար։
Պաշտոնավարման ավարտին Մակունցը վերադարձավ Հայաստան։ Եվ եթե համեմատությունը չափազանցված չթվա, ապա ինչպես Մոնա Լիզայի կտավը, որը հատուկ պայմաններով տեղափոխում են թանգարանից թանգարան, այնպես էլ նա Վաշինգտոնից վերադարձավ՝ անմիջապես վարչապետի գլխավոր խորհրդականի աթոռին։ Սա ինքնին խոսում է այն մասին, թե ում համար է եղել նրա ներկայությունն այդքան արժեքավոր։
Բայց հիշենք ժամանակագրությունը․ նա մեկնեց Վաշինգտոն այն տարիներին, երբ Արցախը գոյություն ուներ, Հայաստանը ուներ պետականության այլ հենասյուներ ու ինքնավստահություն։ Այսօր վերադարձած է մի այլ իրականություն․ Արցախը կորցրած, Հայաստանը՝ թուլացած։
Եվ եթե կա հպարտություն, ապա այն միայն իր բաժին «լումայի» համար՝ այս ողբերգական փոփոխությունների շղթայում։ Նա վերադարձել է մի երկիր, որտեղ արժեքը չափվում է անձնական նվիրմամբ, ոչ թե երկրի համար կատարած գործերով։ Սա նման է այն բանին, երբ տերը գիտի իր մատանու քարի արժեքը։