Գորիսում 17 մարդ հոսպիտալացվել է՝  խնջույքի  ժամանակ թունավորումից հետո

Արմինֆո. Օգոստոսի 26-ի առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գորիսի բժշկական կենտրոն է ընդունվել 17 քաղաքացի՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներով և նախնական «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

 

«Արագ ձեռնարկված վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Գորիսում «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում կազմակերպված խնջույքի ժամանակ:

 

ՍԱՏՄ տեսուչների կողմից կատարվել է նմուշառում տեղում օգտագործված առկա սննդամթերքից (ձմերուկ, երշիկ, բաստուրմա, հավի մսով-մայոնեզով աղցան, խորոված բանջարեղեն՝ սմբուկ, պոմիդոր, խոզի խորոված, տավարի խաշլամա) և տրվել մանրէաբանական լաբորատոր հետազոտության: Փորձաքննության արդյունքները կհրապարակվեն», – ասվում է հաղորդագրությունում:

Leave a Comment