Եվրոպական Միությունում ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների վաճառքն արգելելու ծրագիրն այլևս իրատեսական չէ, ասվում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) նախագահ, Mercedes-Benz-ի ղեկավար Օլա Կալենիուսի և Եվրոպական ավտոմոբիլային մատակարարների ասոցիացիայի (CLEPA) նախագահ Մաթիաս Ցինկի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակում։
Նամակի հեղինակները կոչ են արել Եվրահանձնաժողովի ղեկավարին վերանայել նման տրանսպորտային միջոցների՝ մինչև 2035 թվականը վաճառքի ծրագրերը՝ նշելով էլեկտրական մեքենաների մատակարարման շղթայում Չինաստանի գերիշխանության և ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր առևտրային արգելքների պատճառով առաջացած դժվարությունները։
«Ավտոմոբիլային ոլորտը վերափոխելու եվրոպական ծրագիրը պետք է գերազանցի իդեալիզմը և հաշվի առնի ներկայիս արդյունաբերական և աշխարհաքաղաքական իրողությունները։ Ածխաթթու գազի արտանետումների 2030 և 2035 թվականների նպատակներին հասնելը այսօրվա աշխարհում պարզապես այլևս իրատեսական չէ», – ասվում է նամակում։