Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում այսօր՝ օգոստոսի 27–ին, դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ, մեկնարկել է Ռուբեն Հակոբյանի գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք՝ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը:
Դատական նիստի սկզբում Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այս պահին առողջական վիճակը «ոչինչ է», բուժում է ստանում։ Նա նշեց, որ ունի շողացող առիթմիա, որոշակի խանգարումներ։