Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Օլիվիե Ժիրուն հայտարարել է, որ չի պատրաստվում վերականգնել իր միջազգային կարիերան։
38-ամյա ֆրանսիացին, որը 2024 թվականից հանդես էր գալիս MLS-ի «Լոս Անջելես» ակումբում, այս մրցաշրջանի մեկնարկից առաջ վերադարձել է հայրենիք և պայմանագիր կնքել «Լիլի» հետ։ Լիգա 1-ի առաջին երկու խաղերում նա խփել է երկու գոլ։
«Որոշ մարդիկ խոսում են իմ՝ Ֆրանսիայի հավաքական վերադարձի մասին, բայց ինձ համար այդ էջը փակված է։ Երբեք մի ասա «երբեք», սակայն ես գիտեմ, որ այժմ երիտասարդ տաղանդներ են աճում, որոնք առաջ են գնում և պետք է գրեն իրենց պատմությունը։ Ես կատարել եմ իմ դերը, հիմա արդեն նրանց հերթն է», – ասել է Ժիրուն։
Ֆրանսիայի հավաքականում Ժիրուն անցկացրել է 137 հանդիպում և խփել 57 գոլ։ Նա ազգային թիմի հետ 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, նվաճել է 2022 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալ և 2016 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչում։ Հավաքականում կարիերան նա ավարտել է 2024 թվականին։