Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հնարավոր ժամկետ են նշել – Armenia Today

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հնարավոր ժամկետ է նշել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում և ակնկալվում է, որ այդ հարցով որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին»,- հայտարարել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ Բաքվին հաջողվել է համաձայնության գալ Երևանի հետ բանակցություններում նախկինում վիճահարույց կետերի շուրջ՝ միջազգային դատարաններից պահանջները հետ վերցնելու և սահմանին երրորդ կողմեր ​​տեղակայելուց հրաժարվելու վերաբերյալ։

Բայրամովը նաև հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի թիմը շուտով կհամագործակցի Կոնգրեսի հետ՝ 907-րդ կետը չեղյալ համարելու համար։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Օգոստոսի 11-ին պաշտոնական Երևանը հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ համատեղ դիմում է հղել ԵԱՀԿ-ին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու մասին։ Երկու երկրների ԱԳ նախարարները Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու դիմումն ստորագրել էին օգոստոսի 9-ին՝ Վաշինգտոնում։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

Leave a Comment