ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը գրում է․ «Մամուլում և սոցիալական ցանցերում երեկվա հրապարակումներն ու ահազանգերը գույժի նման սթափեցնող են: «Վերանորոգման» անվան տակ սկսվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումը։ Պաշտոնական ձևակերպումն է՝ «մեկ տարվա շինարարություն», սակայն քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, այդ շինարարությունը երբեք էլ չի ավարտվի։
Ակնհայտ է զուգադիպության ոչ պատահականությունը։ Մի կողմից՝ Ալիևի հետ ԱՄՆ-ում ստորագրված կեղծ խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից՝ սրա ստորագրման անմիջապես հաջորդ օրը սկսված «վերանորոգումը»։ Միջազգային քաղաքականության լեզվով սա ուղերձ է՝ Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք կասկածի տակ են դնում մեր ազգային հիշողության և ինքնության հիմնասյուները։
Թուրքիայի երկարամյա պահանջներից մեկը եղել է Ցեղասպանության ուրացումը։ Եվ այսօր դրա գործնական արտահայտությունն առաջին քայլով կարող է լինել մեր ազգային հիշողության ամենակարևոր խորհրդանիշի՝ Ծիծեռնակաբերդի ապամոնտաժումը։ Շինարարության եռուզեռի նկարներն ու պատկերները կարող են ներկայացվել Էրդողանին որպես քաղաքական հաշվետվություն, իսկ ներսում հանրությանը մատուցվել որպես «վերանորոգման աշխատանքներ»։