Ռուսական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Վանաձորում


Մշակութային

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 19-ին հյուրախաղերով կլինի Վանաձորում։ Վանաձորցիները Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում հնարավորություն կունենան դիտելու «Փող: Կիրք: Իշխանություն» ներկայացումը՝ ըստ Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։

19-րդ դարի ռուս գրող Իվան Գոնչարովի այս դասական ստեղծագործությունը վերածվել է ժամանակակից թատերական մեկնաբանության, որն արդեն արժանացել է ինչպես Երեւանի, այնպես էլ Հայաստանից դուրս փառատոնային հանդիսատեսի բարձր գնահատականներին։ Ներկայացումը բեմադրել է թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը, որի ռեժիսուրան աչքի է ընկնում համարձակ լուծումներով եւ սուր սոցիալական շեշտադրումներով։

Ներկայացման կենտրոնում երիտասարդ Ալեքսանդր Ադուեւն է՝ գավառից մայրաքաղաք ժամանած ռոմանտիկ մի կերպար, ով աստիճանաբար խորտակվում է մեծ քաղաքի ագահության, շահադիտության եւ իշխանատենչ մթնոլորտում։ Նրա բարձր գաղափարները բախվում են մի աշխարհի հետ, որտեղ ամեն ինչ թելադրում է փողը, իսկ զգացմունքներն ու երազանքները կորցնում են արժեքը սառը հաշվարկի եւ իրականության դաժանության առաջ։

Բեմում փայլում են ռուսական թատրոնի հայտնի դերասաններն ու խոստումնալից նորեկները: Ներկայացումը հասցեագրված է չափահաս հանդիսատեսին՝ 18+ տարիքային սահմանափակմամբ, ինչը պայմանավորված է թե՛ թեմայի խորությամբ, թե՛ բեմադրական համարձակ լեզվով։

«Փող․ Կիրք․ Իշխանություն»-ը շարունակում է մնալ 2025 թ.-ի ամենադիտված, հնչեղ եւ ժամանակի շունչն արտացոլող ներկայացումներից մեկը, որը, ժամանակակից գեղարվեստական լեզվով խոսելով՝ բացահայտում է, թե ինչպես կարող են մարդուն փոխել փողը, անսեր կրքերը եւ իշխանությունը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment