Ուկրաինայի նախագահին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. – «Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը: Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ»։

«Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների», – գրել է Փաշինյանը՝ Զելենսկում մաղթելով քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն։

Ուկրաինան այսօր նշում է Խորհրդային Միությունից անկախանալու 34-ամյակը:

Leave a Comment