Չորս քաղաք, չորս նոր սրճարան՝ արցախցի տարեցների համար․ «Երկրորդ շնչառություն»

Արցախցի տարեցների համար աջակցության չորս նոր սրճարան է բացվել Լոռու, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի՝ Վանաձոր, Էջմիածին, Արարատ և Աբովյան քաղաքներում։ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը, Երևանում և Գյումրիում ծրագրի փորձնական փուլի հաջող ավարտից հետո, հնարավորություն է գտել ընդլայնել նախագիծը։

«Փորձում ենք այնպես անել, որ մարդիկ գոնե մի քիչ հանգստանան։ Որոշակի ժամանցային բաղադրիչ էլ ենք մտցնում ծրագրում, անում ենք ամեն ինչ, որ մարդկանց կարողանանք ճգնաժամից դուրս բերել»,– ասում է արցախցի տարեցների հետ աշխատանքներում անմիջականորեն ներգրավված Լիլիթը՝ վստահեցնելով, որ աջակցության սրճարանի մասնակիցները զգալիորեն փոխվել են և գնալով ինտեգրվում են Հայաստանում ապրող իրենց տարեկիցների հետ։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հետազոտական խմբի ներկայացուցիչ Փաթիլ Ջիվելեգյանը պատմեց, որ Տորոնտոյում Ալցհայմերի հիվանդության թեմայով աշխարհի ամենամեծ կոնֆերանսի ժամանակ հայկական թիմը ներկայացրել է Հայաստանում կատարած աշխատանքի արդյունքները։

«Մեր հետազոտության շնորհիվ իմացանք, որ Հայաստանում 55 և ավելի տարեկան անձանց 37 տոկոսը ունի խելքի, մտքի և հիշողության հետ կապված խնդիրներ»,– արձանագրում է նա՝ տեղեկացնելով, որ դեմենցիայի ոլորտում գործող խոշոր բժշկական կենտրոնների հետ համատեղ արդեն աշխատում են Ալցհայմերի հիվանդության ազգային ռեգիստրի ստեղծման ուղղությամբ, ինչը էականորեն կնպաստի հիվանդության կանխարգելման պայքարում պետական առողջապահական համակարգի աշխատանքին։

Անդրադառնալով «Տնայցներ» ծրագրին՝ Ֆռանգյանը պատմեց, որ իր այցերին շահառուները շատ են սպասում․ լավագույն հագուստներն են հագնում և ցանկություն հայտնում իրենց նայել հայելու մեջ։

«Նախապես ոչինչ չեմ պլանավորում, հաստատ գիտեմ, որ ինձ դռան այն կողմում ժպտացող աչքեր են սպասում»,– ասում է Լիլիթն ու բացատրում, որ կոգնիտիվ վարժանքներն իրականացնելիս հաշվի է առնում տվյալ տարեց մարդու անհատականությունը, ցանկություններն ու կարողությունները։

Leave a Comment