5 արդյունավետ բնական միջոց նյարդային լարվածությունից ազատվելու և քունը կարգավորելու համար

Դիտում ՝ 23 924

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա՝ հանգեցնելով թուլության, գերհոգնածության, ուժերի անկման և ինքնազգացողության սաստիկ վատթարացման։ Վերջին տարիներին այս խնդիրը հատկապես արդիական է, քանի որ կյանքի չափազանց արագ ռիթմի և մշտական լարվածության հետևանքով մարդիկ շատ ավելի հաճախ են ենթարկվում սթրեսների ու անհանգստության ազդեցությանը։

Քնի խանգարումների խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն ոչ բոլորն են ճիշտ պայքարում այս խնդիրների դեմ: Անքնության և քնի խանգարումների դեպքում մարդիկ, որպես կանոն, կամ ընդունում են քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, որոնք մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում, կամ պարզապես անուշադրության են մատնում խնդիրը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման։

Ներկայում դեղագործական ընկերություններն առաջարկում են տարատեսակ միջոցներ անքնության բուժման համար, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ ցանկացած դեղամիջոց առաջացնում է բավական լուրջ կողմնակի բարդություններ, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող է անգամ կախվածություն առաջացնել։ Սա է պատճառը, որ քնի կարգավորման համար մասնագետները հորդորում են կիրառել շատ ավելի անվնաս միջոցներ, որոնք պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից, շատ ավելի հասանելի են և հազվադեպ են ունենում հակացուցումներ։ Ավելին՝ նման բնական միջոցները ոչ միայն անվնաս են ու հասանելի, այլև իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման մի քանի բնական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգն ու հեշտությամբ կարգավորել քունն առանց վնասական դեղորայքի գործածության։

  • 2 թեյի գդալ գայլուկի կոներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, լցնել թերմոսի մեջ ու թրմել 2 ժամ։ Ստացված թուրմը խմել քնելուց առաջ։
  • 1-2 թեյի գդալ պատրինջի չորացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, այնուհետև քամել ու խմել քնելուց առաջ։
  • Ալոճենու ծաղիկներին (1 ճաշի գդալ) կամ հատապտուղներին (1 թեյի գդալ) ավելացնել մի բաժակ եռման ջուր, լցնել թերմոսի մեջ ու թրմել մեկ ժամ, այնուհետև խմել որպես թեյ։
  • 1 ճաշի գդալ մանրացրած սամիթին ավելացնել եռման ջուր, թրմել 45 րոպե, այնուհետև ստացված թուրմը բաժանել երկու մասի և խմել օրական երկու անգամ՝ ճաշին ու քնելուց առաջ կես բաժակ։
  • Թարմ սամիթի բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև սամիթի սերմերը։ Հարկավոր է 1 թեյի գդալ սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել երկու ժամ, այնուհետև ստացված թուրմը բաժանել երկու մասի և խմել օրական երկու անգամ՝ ճաշին ու քնելուց առաջ կես բաժակ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում անքնությունն ու քնի այլ խանգարումները պայմանավորված են լինում բավական լուրջ հիվանդություններով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ Aif.ru

Leave a Comment