Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական ու կրթական բազմաբնույթ միջոցառումներ

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր, որոնք միտված են ազատազրկված անձանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև առողջ և ակտիվ առօրյայի կազմակերպմանը: Այս մասին հայտնել են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում կայացել է ծանրաձողի հրում պառկած վիճակում մարզական միջոցառումը, որին մասնակցել է շուրջ 30 դատապարտյալ: Թեժ մրցապայքարում երրորդ հորիզոնականն է գրավել Ա. Տ.-ն՝ 17 հրում ցուցանիշով, երկրորդում Ա. Հ.-ն է՝ 24 հրումով, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Ռ. Պ.-ն՝ 25 հրումով:

Նույն քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է նաև վոլեյբոլի մրցաշար, որը հնարավորություն է տվել մասնակիցներին դրսևորել թիմային ոգի և մրցակցային կամք:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անչափահաս ազատազրկված անձանց շրջանում կազմակերպվել է շաշկու առաջնություն, բացի այդ՝ անցկացվել է դասընթաց ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, որի նպատակն է եղել անչափահաս ազատազրկված անձանց փոխանցել անվտանգ վարքագծի կարևոր գիտելիքներ: Հիմնարկի դահլիճում կազմակերպվել է կինոդիտում, այնուհետ ծավալվել է քննարկում: Ազատազրկված անչափահասները ներկայացրել են իրենց դիտարկումները, կարծիքներ արտահայտել ֆիլմում բարձրացված թեմաների շուրջ: Նմանատիպ կինոդիտումները նպատակ են հետապնդում նպաստել անչափահասների կրթամշակութային կյանքի հարստացմանը, իսկ քննարկումները՝ հաղորդակցության հմտությունների զարգացմանը:

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ անցկացվել է բազմագիտակության մրցույթ կալանավորված անձանց և դատապարտյալների մասնակցությամբ: Միջոցառումը հնարավորություն է տվել մասնակիցներին ստուգել իրենց գիտելիքները, զարգացնել վերլուծական և տրամաբանական մտածողության հմտությունները:

Leave a Comment