Մեծ վամպիր չղջիկների, որոնց նաեւ կեղծ վամպիր են անվանում, բնում տեղադրված տեսախցիկների միջոցով գիտնականները պարզել են, որ այս թռչող կաթնասուններ ապրում են սոցիալական կյանքով, գրում է The New York Times-ը։
Տեսախցիկները երեք ամիս նկարահանել են Կոստա Ռիկայի անտառի խոշոր ծառի փչակում բնակվող չղջիկների ընտանեկան կյանքը։
Կեղծ վամպիրները Արեւմտյան կիսագնդի ամենախոշոր չղջիկներն են․ նրանց թեւերի բացվածքը կարող է հասնել մինչեւ մեկ մետրի։ Դրանք հիմնականում բնակվում են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի անտառներում։ Թեեւ մսակեր են, սակայն չեն սնվում արյունով, այլ թռչուններով եւ փոքր կաթնասուններով։
Բեռլինի Բնության պատմության թանգարանի գիտաշխատող Մարիսա Տիտգեն, որը դեռ 2022 թվականի դեկտեմբերին էր Կոստա Ռիկայի անտառում հայտնաբերել կեղծ վամպիրների բնակավայրը, նշում է, որ ուսումնասիրել են արուից, էգից եւ երկու ձագերից բաղկացած ընտանիք։
Կենդանաբանները նկատել են, որ կեղծ վամպիրները մի քանի վայրկյանով գրկախառնվում են, երբ ընտանիքի անդամներից մեկը վերադառնում էր որսից։ Բացի հաճախ այդ գրկախառնությունները կարող են ավելի երկար տեւել, երբ միմյանց միասին գրկում են ընտանիքի բոլոր անդամները։
Ընտանիքի անդամները նաեւ միմյանց սնունդ են բերում։ Օրինակ՝ երբ էգը կերակրում էր նորածին ձագին, ընտանիքի հայրը նրան բերում էր սատկած թռչուններ եւ մկներ։ Ծնողները նաեւ որսի մնացորդներ են բերում աճող ձագին։ Ըստ գիտնականների՝ այդպիսով նրանք ձագին օգնում են կտրվել մայրական կաթից։
Չղջիկները հաճախ խաղում են միմյանց եւ բնակարանում գտնվող միջատների հետ։ Գիտնականների ներկայացրածից կարելի է ենթադրել, որ չղջիկներն իրար հետ բռնոցի են խաղում։
Նման վարքագիծ չղջիկների այլ տեսակների մոտ նույնպես գրանցվել է։
Կեղծ վամպիրների վարքագծի ուսումնասիրությունը, ըստ The New York Times-ի, կարող է օգնել գիտնականներին պահպանելու ոչ միայն չղջիկներին, այլեւ այն էկոհամակարգերը, որտեղ նրանք ապրում են։