«Նոայի» պորտուգալացի պաշտպան Դավիթ Սուալեհեն ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման փլեյ-օֆֆի՝ Լյուբլյանայի «Օլիմպիայի» դեմ կայանալիք առաջին խաղից առաջ կիսվել է տպավորություններով։
«Նախորդ եվրագավաթային խաղը հեշտ չէր, մենք ամեն ինչ արեցինք, որ հաղթենք, բայց չկարողացանք։ Այդ դիմակայությունում լավագույնն էինք, բայց, ցավոք, այնքան հաջողակ չէինք․ գոլ խփել մեզ չէր հաջողվում։ Մենք հիմա եվրոպական ասպարեզում այն տեղում ենք, որտեղ աշխարհի բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ։
Մենք շատ լավ ենք պատրաստվել այս հանդիպմանը։ Գիտակցում ենք, թե ինչ պետք է անենք։ Այնպես որ, պետք է գործնականում դա կիրառենք։ Ամենակարևորն այն է, որ կենտրոնանանք ինքներս մեզ վրա»,– ասել է Դավիթ Սուալեհեն։
Նշենք, որ 28-ամյա խաղացողը իր կարիերայի ընթացքում երեք տարի հանդես է եկել սլովենական ակումբի կազմում։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 21-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։