Անամոթության master class… Ցինիզմի գլուխգործոց…Ալլա Հակոբյան

Գիշերվա երեքն էլ անցավ… Չեմ կարողանում քնել… Հարցերս խեղդում են… Հոգիս ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ… Լավ, ինչպե՞ս… Ինչպե՞ս հասանք այս օրին… Մեր միամտությա՞ն, թե՞ մեծահոգության պատճառով… Մեր հանդուրժողականությա՞ն ու քրիստոնեական համբերատարությա՞ն պատճառով, թե՞ պարզապես անտարբերության… Այո, ճիշտ պատասխանը հե՛նց ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ է… Ամեն մեկը կարծեց, որ մեկ ուրիշը կապահովի իր անդորրն ու խաղաղ կյանքը, իսկ թշնամին սղոսկելով մտավ ամենուր… Դպրոց, ԲՈՒՀ, աշխատավայրեր… Եվ ամենուր ներարկեց անտարբերության, ավելի ճիշտ, հակամարդկայնության շիճուկ… Մոդայիկ, «նորօրյա՛» պատվաստում…

 

Որպես հետեւանք ընկավ մարդկանց ինքնագնահատումը… Ես ո՞վ եմ… Ինձնից վերեւ այնքան մարդիկ կան… Թող իրենք որոշեն… Թող իրենք զբաղվեն… Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում… Եւ հե՛նց այդպես օկուպացվեց մեր բոլորի Հայրենիքը… Կամաց-կամաց, քայլ առ քայլ… Դրա հետեւանքով կորցրեցինք Արցախ աշխարհը… Հերթը հասել է ողջ Հայաստան աշխարհին…

 

Այսօր ՀՀ մայրաքաղաքում` թե հենց նրա ՍՐՏՈՒՄ` ՀՀ «Հանրապետություն» կոչվող հրապարակից ոչ հեռու, թե ԱՐՎԱՐՁԱՆՆԵՐԻՆ հասնող IV Մասիվում, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, դատվում են ՀԱՅ հոգեւորականներ… Դատվում են իրենց հոտի հետ միասին… Արդեն խումբ-խումբ… Ինչպես Ստամբուլ դարձած Պոլսում… Դատվում են ԱՆՄԵՂ ՀԱՅԵՐ… Դատվում են միայն այն բանի համար, որ ՀԱՅ են եւ ուզում են ՀԱՅ մնալ… Առայժմ մի տարբերությամբ` «Հանրապետություն» կոչվող հրապարակում կախաղաններ դեռ չեն տեղադրված… Անհավատալի՞ բան ասեցի… Իսկ ձեզանից գեթ մեկը հավատո՞ւմ էր, որ Արցախը կհայաթափվի… Մի՛ զարմացեք… Ձեր հանդուրժողականությունը դրան էլ կհասցնի… Եվ աշխարհը դա՛ էլ չի նկատի… Ինչպես չի նկատում Գազայում սովից ու ջրի բացակայությունից մահացած ձագուկներին…

 

Աշխարհին էլ են նո՛ւյն անտարբերության շիճուկը ներարկել… Չլինի թե՞ դրանով ես բավարարվում… Որ միայնակ չես քո անտարբերության մեջ… Ավելի լավ է միայնակ լինել… Լինել միայնակ, բայց մնալ մարդ… Մարդ… Մարդ, ում Աստված է արարել` հոգով ու սրտով… Մարդ, ով ունակ է կարեկցել, ով ունակ է ցավակից ու վշտակից լինել…

 

Բայց դեռ հույս ունեմ, որ ամեն ինչ կորցրած չէ… Ինչո՞ւ… Որովհետեւ մարդիկ դեռ տանից դուրս են գալիս` թեկուզեւ կիսամերկ, բայց գոնե ոչ ամբողջովին տկլոր… Ուրեմն՝ դեռ ինչ-ինչ նորմեր գործում են նրանց ուղեղներում… Դեռ չենք հասել քարանձավային այն վիճակին, երբ մարդ էակը չէր ծածկում իր ԱՄՈԹԸ… Վաղնջական ժամանակներում, երբ մարդը ծածկեց իր ամոթը, այդ բառը նյութի կատեգորիայից` որպես մարմնի մաս, մտավ նաեւ հոգեւոր դաշտ… Մարդը սկսեց ԱՄԱՉԵԼ ոչ միայն իր մարմնի բաց մասերի համար, այլեւ իր վարքի՛ համար, իր կատարած գործերի՛ համար… Մարդը ֆիզիկական դաշտից անցավ հոգեւոր դաշտ… Կրկնում եմ` ՄԱՐԴԸ… Այսօր կան նորաձեւ եւ թանկագին կոստյում հագած քայլող էակներ, բայց նրանց չի՛ կարելի կոչել մարդ… Դրանցից մեկը ՀՀ վարչապետն է… Երեկ նա` ի լուր համայն աշխարհ, ԱՆԱՄՈԹՈՒԹՅԱՆ master class ցույց տվեց… Ցինիզմի գլուխգործոց… Ի՞նչ եք կարծում, սեպտեմբերին` հերթական փառատոնի ժամանակ, ի՞նչ կերգեն. «Երեւան դարձած, իմ Էրեբունի», թե՞ թրքահաճո. «Էրիվան դարձած, իմ Էրեբունի»…

 

Իսկ առայժմ, Հայաստանի տարբեր կալանավայրերում անազատության մեջ պահվում են ԱՆՄԵՂ ՀԱՅԵՐ… Պահվում են միայն այն բանի համար, որ ՀԱՅ են եւ ուզում են մնալ ՀԱՅ ու պահպանել իրենց կրո՛նը, իրենց հավա՛տը… Հայաստանի օգոստոսյան տապին ու շոգին սառը ջուր խմելիս, կամ սառը լոգանք ընդունելիս հիշեք այդ մասին… Ո՛չ թե Ստամբուլում, այլ հե՛նց Հայաստանի՛ դատարաններում դատվում են ՀԱՅ հոգեւորականներ… Սրբազաններ… Դա՛ է եղել` եւ է՛, բաղձալի տենչանքը մեր թշնամիների, որոնք դրանք կատարում են նորաստեղծ` ԱՆՆԱԽԱԴԵՊ, գործիքով, որի անունն է Նիկոլ: Հիշում ե՞ք, արդյոք, դրա նախընտրական չաքուչը, եռագույնն էլ տարոսիկի պես վրան կապած… Այդ չաքուչով մեխվեցին հազարավոր տղաների դագաղները… Այդ չաքուչով նա կմեխի նաեւ ողջ Հայաստանի դագաղը… Եթե թույլ տանք…

 

Իր երեկվա ուղերձում, դիմելով ժողովրդին, հե՛նց ի՛նքը, բոլորին կոչ արեց «հեղափոխություն անել»… Հը, հայե՛ր, անսա՞նք, թե՞ ոչ այդ կոչին…

 

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

20.08.2025 թ. 

Leave a Comment