Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը. Թրամփ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է «գրեթե անմիջապես» դադարեցնել Ռուսաստանի կողմից իր երկրի դեմ սանձազերծված պատերազմը, կամ կարող է շարունակել կռվելը։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում երկուշաբթի՝ օգոստոսի 18-ի վաղ առավոտյան։

Սպիտակ տան ղեկավարի ուղերձից դատելով՝ պայմանները, որոնք Կիևը պետք է համաձայնի ռուսական ագրեսիան դադարեցնելու համար, նրա տեսանկյունից, Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզու նկատմամբ պահանջներից հրաժարվելն է, ինչպես նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ուղին։

«Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց սա։ Ո՛չ Օբամայի (ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի — խմբ.) կողմից հանձնված Ղրիմի վերադարձին (12 տարի առաջ՝ առանց մեկ կրակոցի) և ո՛չ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում»,-գրել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News լրատվական ծառայությանը տված հարցազրույցում և ABC News-ի կողմից պատրաստվող «Այս շաբաթ» հաղորդման ժամանակ ասել էր. «Ի վերջո, եթե ուկրաինացիները պատրաստ չեն հրաժարվել դրանից (Մոսկվայի կողմից պահանջվող տարածքներից — խմբ.), ոչ ոք չի ստիպում Ուկրաինային դա անել»։ Սակայն, այս դեպքում, նրա կարծիքով, խաղաղության համաձայնագիրը կարող է տեղի չունենալ։

Զելենսկի. Ղրիմը չպետք է հանձնվեր

Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին ժամեր առաջ Telegram-ում հայտնել է, որ արդեն ժամանել է Վաշինգտոն։

«Ես շնորհակալ եմ ԱՄՆ նախագահին հրավերի համար։ Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի։ Ոչ թե այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինան ստիպված էր հրաժարվել Ղրիմից և մեր Արևելքի մի մասից՝ Դոնբասի մի մասից, և Պուտինը սա օգտագործեց պարզապես որպես նոր հարձակման ցատկահարթակ։ Կամ երբ Ուկրաինային 1994 թվականին տրվեցին ենթադրյալ «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց»,-հավելել է նա։

«Իհարկե, Ղրիմը չպետք է հանձնվեր այն ժամանակ, ինչպես 2022 թվականից հետո ուկրաինացիները չհրաժարվեցին Կիևից, Օդեսայից, Խարկովից։ Ուկրաինացիները պայքարում են իրենց հողի, իրենց անկախության համար»,-գրել է Զելենսկին։ Նրա կարծիքով՝ «Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, որն ինքն է սկսել»։ «Եվ ես հույս ունեմ, որ մեր համատեղ ուժերը Ամերիկայի, մեր եվրոպացի ընկերների հետ կստիպեն Ռուսաստանին իրական խաղաղության»,-ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

Leave a Comment