Գլխացավի և արյան ճնշման փոխկապակցվածությունը
Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները զգուշացնում են․ շատ դեպքերում հիպերտենզիան (բարձր ճնշումը) ընթանում է առանց տեսանելի ախտանշանների, ինչի համար էլ այն կոչում են «լուռ մարդասպան»։ Ճնշման մասին վստահ իմանալու միակ միջոցը տոնոմետրով չափելն է, այլ ոչ թե սեփական զգացողություններին ապավինելը։
Ինչ են ցույց տալիս հետազոտությունները
Վաղ ուսումնասիրություններում առավոտյան գլխացավերը կապվում էին բարձր ճնշման հետ, սակայն ավելի ուշ աշխատանքները դա չհաստատեցին։ Մեղմ կամ միջին բարձրացման դեպքում գլխացավերը հազվադեպ են լինում։
Բայց հիպերտոնիկ ճգնաժամի ժամանակ, երբ ճնշումը հասնում է 180/120 մմ սնդիկի սյան և ավելի, գլխացավը կարող է լինել արտահայտված ախտանշան։ Իրանական մեկ հետազոտության մասնակիցները նկարագրել են այդ ցավերը որպես երկկողմանի, զարկերակային բնույթի և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ուժգնացող։ Հեղինակները ենթադրել են, որ պատճառը կարող է լինել հեմատոէնցեֆալիկ արգելքի («ֆիլտր»՝ արյան անոթների և ուղեղի հյուսվածքի միջև) խախտումը և ուղեղի այտուցը՝ ճնշման կտրուկ բարձրացման հետևանքով։
Ամերիկյան սրտաբանության ասոցիացիան և Cleveland Clinic-ը նույնպես նշում են․ թեթև կամ միջին հիպերտենզիան հազվադեպ է ուղեկցվում գլխացավով, սակայն ճգնաժամի ժամանակ, բացի գլխացավից, հնարավոր են նաև․
-
ցավ կամ ճնշում կրծքավանդակում,
-
շնչահեղձություն,
-
կրկնապատկված պատկեր աչքերում,
-
թմրածություն կամ թուլություն վերջույթներում,
-
խոսքի դժվարություն,
-
ցնցումներ։
Երկարաժամկետ ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են American Journal of Hypertension-ում, ցույց են տվել․ 30 տարվա ընթացքում 1914 հիպերտենզիա ունեցող մարդկանց մոտ գլխացավերի հաճախականությունն ու սրտանոթային մահվան ռիսկը միմյանց հետ կապ չունեին։
Միգրենի առանձնահատկությունը
2024 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձր ճնշումը կարող է նպաստել քրոնիկ միգրենի զարգացմանը։ Այս ախտորոշումը դրվում է, եթե մարդը երեք և ավելի ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս ունենում է առնվազն 15 օր գլխացավ, որոնցից նվազագույնը 8-ը՝ միգրենային նոպաներ։
Միևնույն ժամանակ միգրենը ինքնին կարող է բարձրացնել հիպերտենզիայի զարգացման հավանականությունը։ 2018 թվականի՝ 29 040 կանանց մասնակցությամբ հետազոտության արդյունքում պարզվել է, որ միգրեն ունեցողների մոտ հիպերտենզիայի ռիսկն ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր միգրեն չեն ունեցել։ Հնարավոր է, որ սա կապված է հիվանդությունների ընդհանուր մեխանիզմների կամ գենետիկ նախատրամադրվածության հետ։
Բուժում և ինքնօգնություն
Գլխացավի և բարձր ճնշման համատեղման դեպքում պետք է հաշվի առնել երկու բան․ գլխացավի պատճառը և ճնշման մակարդակը։
-
Հիպերտոնիկ ճգնաժամի դեպքում ինքնուրույն չի կարելի ճնշումն իջեցնել, նույնիսկ եթե առկա են դեղամիջոցներ։ Ճնշման կտրուկ նվազեցումը կարող է խանգարել ուղեղի արյան շրջանառությանը և առաջացնել բարդություններ։ Անհրաժեշտ է անհապաղ դիմել շտապ օգնությանը, որտեղ ճնշումը կնվազեցնեն աստիճանաբար և բժշկական հսկողության տակ։
-
Եթե ճնշումը չափավոր բարձր է, իսկ գլխացավը ճգնաժամի հետ կապված չէ, կարելի է ընդունել առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող։ Բացի այդ, կարևոր է ուշադրություն դարձնել ապրելակերպին՝ վարել օրագիր և հետևել, թե որ մթերքներն ու իրավիճակներն են հրահրում ցավը։ Որոշ մարդկանց մոտ գլխացավ առաջացնում են աղի, կոֆեինի կամ արհեստական քաղցրացուցիչների պարունակող սննդամթերքները։
-
Բացի դեղորայքից, օգտակար կարող են լինել ոչ դեղային մեթոդներ․ հանգիստ մութ սենյակում հանգստանալը, սառը կոմպրես դնելը ճակատին, շնչառական վարժությունները, ռելաքսացիոն տեխնիկաները, ինչպես նաև թեթև ֆիզիկական ակտիվությունը՝ ինքնազգացողության բարելավումից հետո։