Այսօր` օգոստոսի 15 ԱՄՆ Ալյասկա նահանգում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում Երևանի ժամանակով 23:30-ին (տեղական ժամանակով 11:30-ին), մեկնարկեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Երկու նախագահները միաժամանակ իջան ինքնաթիռներից։ Վլադիմիր Պուտինը մոտեցավ Դոնալ Թրամփին և տեղի ունեցավ նրանց ձեռքսեղմումը։ Սա Պուտինի և Թրամփի առաջին հանդիպումն էր Թրամփի վերընտրվելուց հետո։
Նախապես նախատեված դեմ առ դեմ հանդիպման փոխարեն հանդիպումը տեղի է ունենում 3+3 ձևաչափով։ Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ ռուսական կողմից ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ուկրաինական արդեն երեքուկես տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու հնարավորությունները։
Մինչ հանդիպման մեկնարկը ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ կլինի եթե չկարողանա այսօր համաձայնության գալ Պուտինի հետ։
«Չգիտեմ՝ այսօր կլինի՞, թե՞ ոչ, բայց եթե այսօր չլինի, ուրախ չեմ լինի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը։
«Ժամանակն է ավարտել պատերազմը, և համապատասխան քայլերը պետք է արվեն Ռուսաստանի կողմից»,- ասել է նա։
Լուսանկարը՝ reuters-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter