ՀՀ ՊՆ-ն հերքել է Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին մամուլում տարածված տեղեկությունը։
«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի տարածած հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը կոչ է արել զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց։ «Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան հարցումներին թե՛ բանավոր, թե՛ գրավոր տվել է սպառիչ պատասխաններ՝ հերքելով այդ և նմանօրինակ կեղծ լուրերը»,- հավելել է նա:
Այսօր ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է շարժվել «չեզոք գոտում»՝ միջդիրքային տարածքում` առանց հստակեցման, թե կոնկրետ որ հատվածում։
