Օվերչուկն ադրբեջանական կողմի հետ կքննարկի Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ կքննարկի Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Հաջորդ շաբաթվա վերջին ես նաև հանդիպում ունեմ ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այդ հարցերը [Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը]։ Այնպես որ, շարժ կա»,- ասել է նա։
«Այն կլինի Ռուսաստանում», -հանդիպման վայրի մասին հարցին պատասխանել է Օվերչուկը։
Փոխվարչապետը նշել է, որ գոյություն ունի եռակողմ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով, որն աշխատում է ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության իններորդ կետի իրականացման ուղղությամբ և մանրամասն քննարկել է ապաշրջափակման բոլոր նյուանսները։
«Ուստի մեզ, իհարկե, հետաքրքիր է իմանալ, թե կողմերն ինչքանով են առաջընթաց գրանցել այն խնդիրների լուծման հարցում, որոնք քննարկվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Որոշ նրբություններ շոշափում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերը, առաջին հերթին երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից։ Ուստի մեզ համար շատ հետաքրքիր կլինի լսել, թե արդյոք գտնվել են լուծումներ այդ նյուանսների վերաբերյալ»,- ընդգծել է նա։
«Այդ դեպքում, իհարկե, եթե այս բոլոր հարցերը լուծված են, ապա մենք պետք է արդեն դա տեղափոխենք տեխնիկատնտեսական հիմնավորումների հաշվարկների հարթություն, դիտարկենք այս նախագծերի տնտեսությունը և զբաղվենք ապաշրջափակմամբ։ Բայց դա կրկին կպահանջի եռակողմ ջանքեր՝ մեր, Հայաստանի ու Ադրբեջանի հետ փոխգործակցության շրջանակում, որը եղել է և կա»,- եզրափակել է Օվերչուկը։

Leave a Comment