ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» տերմինների շուրջ ծավալված բանավեճին՝ այն կապելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագծի հետ։ Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Այսօր, «Հրապարակ» կայքում ես ուշադիր ընթերցեցի պատմաբան Վահագն Հակոբյանի ընդարձակ հոդվածը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» տերմինների շուրջ ծագած և առայժմ չմարած բանավեճի առիթով: «Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից, քանի որ այն ընկալվել է թե՛ որպես Հայաստանի, թե՛ որպես հայերի, այն է՝ Հայ ժողովրդի, թե՛ որպես հայ գաղթավայրերի պատմություն:
Այդ պարագայում, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս ծնվեց դրա շուրջ ներկայումս ընթացող բանավեճը: Պատասխանը շատ պարզ է՝ առհասարակ պատմությունից և մասնավորապես Հայոց պատմությունից որևէ գաղափար չունեցող և իրեն ամենագետ համարող փառավոր անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, այն էլ՝ Ադրբեջանից կրած ջախջախիչ ու նվաստացուցիչ պարտությունից հետո: Հիշեցնեմ, թե տարիներ առաջ Ալիևի հետ համատեղ հարցազրույցի ընթացքում Փաշինյանն ինչպես էր կմկմալով հպարտանում Տիգրան Մեծի նվաճումների իրողությամբ: Գավառականության ավելի ցայտուն և ամոթալի դրսևորում դժվար էր պատկերացնել:
Իսկ թե ո՞րն է Փաշինյանի մտավարժանքներին հաճոյանալու՝ հիշյալ հոդվածագրի մոտիվը, չարժե, իհարկե, դրան անդրադառնալ: Նրա գործընկեր պատմաբաններն արդեն հիմնավորապես արձագանքել են այս հարցին»։