ՈՒԵՖԱ-ն քննարկում է Սուպերգավաթի ձևաչափը փոխելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական The Telegraph-ը:
Կառավարող մարմինը նախատեսում է մրցաշրջանից առաջ անցկացվող մրցախաղը մեկ հանդիպումից վերածել քառաթիմ մրցաշարի։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ մասնակիցների ընտրության կարգի վերաբերյալ դեռ հայտնի չեն:
Ենթադրվում է, որ նոր ձևաչափը, որը կներառի երկու կիսաեզրափակիչ և մեկ եզրափակիչ, կարող է անցկացվել Եվրոպայից դուրս՝ Միացյալ Նահանգներում կամ Մերձավոր Արևելքում։ ՈՒԵՖԱ-ն այս քայլով նպատակ ունի մեծացնելու մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը և ընդլայնելու մեդիաիրավունքների շուկան՝ հատկապես ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ի շուկային։
Սուպերգավաթը քառաթիմ դարձնելու գաղափարը նախկինում քննարկվել էր 2022 թվականին, սակայն այն կրկին օրակարգ է բերվել նոր հեռուստատեսային իրավունքների շուրջ բանակցությունների համատեքստում։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանին նախորդած ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ՊՍԺ – «Տոտենհեմ» խաղում հաղթել են փարիզցիները: