Հարավային Կորեայում մեկ տարվա ընթացքում փակվել է շների ֆերմաների 74 տոկոսը

Հարավային Կորեայում սննդի համար շներ բուծելու լիակատար արգելքի եռամյա անցումային շրջանից մեկ տարի անց մսատու շներ բուծող մոտ 1500 ֆերմաներից 1072-ը փակվել են, հայտնել է Սննդի, գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունը։
Այսպիսով գերատեսչությունը նշում է, որ մեկ տարվա ընթացքում երկրում փակվել է ֆերմաների 74%-ը, ինչը զգալիորեն գերազանցել է կառավարության կանխատեսումները։ Փակված տնտեսություններում բուծվել է մոտ 350 հազար շուն։ 2024 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ 2027 թվականից արգելվում է շների բուծումը և դրանց միսն օգտագործելը։
Մինչև վերջերս Հարավային Կորեան այն սակավաթիվ երկրներից է եղել, որտեղ պահպանվել է շան մսի օգտագործման մշակույթը։ Սակայն վերջին տասնամյակներում շան մսի վաճառքի ծավալները մշտապես նվազել են, ինչը կապված է կորեական հասարակության կենսակերպի և մշակույթի փոփոխության հետ, մասնավորապես՝ ընտանի կենդանիների տերերի թվի աճի հետ։ 2024 թվականին խորհրդարանը օրենք ընդունել է, որն ամբողջությամբ արգելում է շան միս ուտելու ավանդույթը, ընդ որում, սահմանվել է երեք տարվա անցումային շրջան։

Leave a Comment