
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանը ևս կես քայլով անվտանգային ռիսկերը նվազեցրեց: Վերջինս նաև համոզված է, որ սա մեր երկրի ներսում էականորեն կփոխի քաղաքական դիսկուրսը:
«Այն մարդիկ, որոնք մանիպուլացնում էին, թե կան գաղտնի կետեր, այլևս դա չեն կարող անել: Այսինքն՝ ներքին անվտանգության մասով էլ որոշակի ամրապնդումներ կունենանք»,- ասում է նա:
Ըստ Ղևոնդյանի՝ այս ամենից և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը որոշակի օգուտներ ստացան. Ադրբեջանը կարողացավ անխոչընդոտ ճանապարհ ստանալու համաձայնություն ձեռք բերել, իսկ ՀՀ-ն դրանից օգուտ կունենա. «Պայմանագրի յուրաքանչյուր կետ նվազեցնում է ռիսկերը, և ՀՀ-ն հնարավորություն է ունենալու շնչելու»:
Միաժամանակ նա նկատում է՝ Իրանի պաշտոնյաները հայտարարում են, որ խնդիր չեն տեսնում այս ամենում, բայց ՀՀ-ում կան մարդիկ, որոնք իրանցի պաշտոնյաներին հեռակա զգուշացնում են, թե «դուք չեք հասկանում՝ այդտեղ խնդիրներ կան, այս պահին կորցրել եք ձեր տեսնելու ունակությունը»:
«Ես կարծում եմ՝ Իրանի ղեկավարները սթափ մարդիկ են, սրանց ուշադրություն չեն դարձնի: Իրանի նախագահի այցով ավելի շատ բան կարող ենք վերլուծել»,- ասում է նա:
Քաղաքագետի նկատառմամբ՝ Վաշինգտոնում տեղի ունեցածը ՀՀ-ի թույլ դիրքերը վերափոխող գործընթաց էր, իսկ ինչ վերաբերում է Նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ապա ըստ նրա՝ կարելի է ասել՝ այն գոյություն չունի. «Նույնիսկ Ադրբեջանը 9-րդ կետի հետ կապված ցանկություն չունի բանակցելու»:
Իսկ ինչո՞ւ է ՌԴ-ն շարունակում այն պահել օրակարգում, զրուցակիցն արձագանքում է. «Նրանք իրականությունը դանդաղ են ընդունում, օրինակ՝ Նոյեմբերի 9-ը, ՀԱՊԿ-ը և այլն: Սա խրոնիկ հիվանդություն է ռուսական քաղաքականության համար»:
Վաշինգտոնյան հռչակագրից հետո արդյոք ՌԴ-ն ՀՀ-ի դեմ քայլեր կիրականացնի՞, Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծում է. «Ես չեմ սպասում, որ ՌԴ-ն որևէ քայլ է անելու, քանի որ ռեսուրսի խնդիր կա: Նա ՀՀ-ի նկատմամբ հիբրիդային պատերազմ է վարում արդեն, սրանից ավելի էլ հնարավոր չէ, խնդիրներ կան նաև Ադրբեջանի հետ, ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսությունները շաղկապված են, քայլ անելը կլինի հետադարձ հայացք հենց իրենց»:
Միաժամանակ զրուցակիցը կարծիք է հայտնում, որ ՌԴ-ն տարածաշրջանից դուրս չի գալիս, պարզապես մինչ այս ուներ որոշումներ կայացնելու գլխավոր ձայնի իրավունք, այժմ չունի, այսինքն՝ նրա դերը նվազել է:
Ղևոնդյանը նաև հույս է հայտնում, որ ՀՀ-Թուրքիա հարաբերություններում ևս դրական դինամիկա կնկատվի:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ