Ուսուցիչների կամավոր ատեստավորումը՝ նոյեմբերին. առաջին անգամ կմասնակցեն նաև հոգեբանները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօրվա ասուլիսում տեղեկացրել է՝ արդեն իսկ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հայտագրումը, որը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս տարի, ըստ նախնական տվյալների և վերլուծությունների, նկատվում է ուսուցիչների մեծ հետաքրքրվածություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ Գործընթացն այս տարի էլ կկազմակերպվի էլեկտրոնային ձևաչափով։ Ներկայում կահավորվում են քննական կենտրոնները, որոնք կհագեցվեն համակարգիչներով, տեսախցիկներով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Բացառություն են կազմում ազգային փոքրամասնությունների առարկաները, որոնցից ատեստավորումները կանցկացվեն թղթային ձևաչափով՝ հաշվի առնելով մասնակիցների փոքր թիվը (մինչև 5-6 հոգի՝ յուրաքանչյուր առարկայից)։

Կամավոր ատեստավորման քննությունները տեղի կունենան նոյեմբերին։ Ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին։ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարի ապահովվել է բոլոր առարկաների առաջադրանքների քանակի և տեսակների համաչափություն, արդեն հասանելի են նաև առարկայական ուղեցույցները: Որոշ առարկաներին առնչվող խնդիրներն ու բողոքները քննարկվել և կարգավորվել են ուսուցիչների հետ անհատական հանդիպումներում։

Այս տարի առաջին անգամ կիրականացվի նաև հոգեբանների կամավոր ատեստավորում, որը ևս նախատեսվում է անցկացնել նոյեմբերին: Շուտով կհրապարակվեն ուղեցույցները, ու կմեկնարկի հայտագրումը:

Leave a Comment