«Մենք նրանց ապացույցներ ենք տրամադրել այն մասին, որ ես փաստաբանի կարգավիճակ ունեմ և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Կանադայում։ Նրանք պնդում են, որ ես դա տրամադրեմ փաստաթղթային ձևով, որոնց բնօրինակները մենք մեզ հետ չունենք։ Վաղը մենք չենք կարողանա մասնակցել դատական նիստին, թեև ես պատրաստվում եմ գնալ դատարանի շենք և աջակցություն հայտնել իմ պաշտպանյալին։ Հայաստան մեր այցի ընթացքում մենք ամեն ինչ անում ենք գործին ծանոթանալու համար»,- նշել է նա։
Ամստերդամը հավելել է, որ Կարապետյանի գործը բացահայտ քաղաքական բնույթ է կրում, իսկ ցանկացած դատական քննություն, որն իրականացվում է այդ գործի շրջանակներում, կարելի է համեմատել ցուցադրական դատավարության հետ։
«Սա պետք է անհանգստություն առաջացնի հասարակության մոտ։ Դատական գործընթացը նախաձեռնել է գլխավոր դատախազը, որը սերտ կապեր ունի վարչապետի աշխատակազմի հետ։ Ըստ էության, գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել՝ հիմնվելով բառերի սխալ մեկնաբանման վրա։ Այն, որ դա չի շտկվել և Կարապետյանն ազատ չի արձակվել՝ ինքնին ցնցող է։ Ակնհայտ է, որ բառերի օգտագործման հիման վրա չի կարելի եզրակացնել, որ գլխավոր դատախազի կողմից ներկայացված մեղադրանքը օրինական դատարանում կարող է համարվել հիմնավորված։ Սա պարզապես անընդունելի է»։
Քաղաքական և իրավական գործի հիմնական տարբերությունն այն է, որ առաջինի մեջ ներգրավվում է գործադիր իշխանությունը։ Դատական քննության ժամանակ պետք է տարանջատում լինի քաղաքականության և քրեական հետապնդման գործառույթների միջև։ Ակնհայտ է, որ այս գործի շրջանակներում վարչապետը սխալ է հասկացել իմ պաշտպանյալի արտահայտած խոսքերը։ Դրանից հետո նա սպառնալիք և վիրավորական խոսքեր է արտահայտել, որոնք ասում են այն մասին, որ նա պետության ողջ իշխանությունը կկիրառի Կարապետյանի դեմ։ Ազատ ժողովրդավարական հասարակության համար սա աննախադեպ երևույթ է», – ասել է Ամստերդամը։
Գլխավոր դատախազի մասնակցությունը նա նույնպես աննորմալ է համարել։
«Բացի այդ, անընդունելի է խաղաղասեր բարերարին մեծաքանակ ոստիկանների մասնակցությամբ կալանավորելու փորձերի հրապարակային բնույթը։»
Ո՞ր երկրում կարելի է հետապնդել մարդուն, որն առավոտյան մասնակցել է հիշատակի միջոցառումների։ Նման պահվածքը կրոնով միավորված հասարակության մեջ ցնցում է առաջացնում։ Անընդունելի է նման զգայուն պահին մարդու վրա հարձակվել, իսկ հետո կալանավորելը։
Եվ սա արել է մի կառավարություն, որն ինքն է ներդրել տնային կալանքի ինստիտուտը։ Ի՞նչ ռիսկ կլիներ, եթե նա պահվեր տնային կալանքի տակ։ Կարապետյանի ազատազրկումը քաղաքական գործողություն է, որը տեղ չունի ժողովրդավարական հասարակության մեջ։
Բացի այդ, առաջին մեղադրանքին ավելացնում են ևս մեկը (փողերի լվացում)։ Այս մեղադրանքը ոչ մի կապ չունի իմ պաշտպանյալի հետ։ Սա ընդամենը գործին լեգիտիմ բնույթ տալու փորձ է։ Սա շոու է, սա քաղաքական գործ է։ Կառավարությունը պետք է գնահատի քաղաքական հետևանքները»,- պարզաբանել է իրավաբանը։
Նա կրկին նշել է, որ կառավարության վարքագիծը կգրավի Հայաստանի արտասահմանյան բոլոր քաղաքական և տնտեսական գործընկերների ուշադրությունը։
Մենք միջազգային հարթակներին (ՄԱԿ և այլ կառույցներ) կհասցնենք Հայաստանում դրսևորվող այս անընդունելի պահվածքը, որպեսզի ցույց տանք ոչ միայն գործի քաղաքական բնույթը, այլև եկեղեցու նկատմամբ հարձակումների համատեքստը։ Չի կարելի այս գործն ու Կարապետյանի ներգրավվածությունը եկեղեցական կյանքում իրարից բաժանել։ Աշխարհիկ իշխանությունը եկեղեցական հիերարխիայում փոփոխությունների պահանջ է հնչեցրել։ Սա խախտում է ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը և կրոնի մասին օրենքը, այլև եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը, որն ամենուր ունի հիմնարար նշանակություն։ Պետությունը ցանկանում է ամբողջական վերահսկողություն եկեղեցու նկատմամբ։ Սա անհանգստության տեղիք է տալիս։ Ես հազվադեպ եմ տեսել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային հարձակումներն անընդունելի են քաղաքակիրթ հասարակության մեջ»,- եզրափակել է նա։