Ես հիասթափված եմ և տխուր․ Դոնարուման հանդես է եկել հրաժեշտի խոսքով — Armsport.am

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, արձագանքելով ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերին, հայտարարություն է տարածել՝ դիմելով ակումբի երկրպագուներին և հաստատելով, որ այլևս չի մնա փարիզյան թիմում։

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում փարիզյան երկրպագուներին: Իմ գալու առաջին օրվանից խաղադաշտում և դրանից դուրս բոլոր ուժերս ներդրել եմ՝ արժանանալու իմ տեղին և պաշտպանելու «Պարի Սեն-Ժերմենի» դարպասները: Ցավոք, ինչ-որ մեկը որոշել է, որ այլևս չեմ կարող լինել այս թիմի մասը և նպաստել նրա հաջողություններին: Ես հիասթափված եմ և տխուր:

Հույս ունեմ, որ դեռ հնարավորություն կունենամ «Պարկ դե Պրենսում» ևս մեկ անգամ նայելու երկրպագուների աչքերին և հրաժեշտ տալու այնպես, ինչպես պետք է: Եթե դա չստացվի, ուզում եմ, որ իմանաք՝ Ձեր աջակցությունն ու սերը շատ բան են նշանակել ինձ համար, և ես երբեք չեմ մոռանա դա:

Իմ սրտում միշտ կպահեմ այն զգացմունքները, կախարդական երեկոները և Ձեզ, որոնց շնորհիվ ես ինձ տանն եմ զգացել:

Իմ խաղընկերներին՝ իմ երկրորդ ընտանիքին, շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր մարտի, յուրաքանչյուր ծիծաղի և յուրաքանչյուր պահի համար, որ կիսել ենք: Դուք միշտ կմնաք իմ եղբայրները:
Այս ակումբում խաղալը և այս քաղաքում ապրելը մեծ պատիվ էր ինձ համար: Շնորհակալություն, Փարիզ»:

26-ամյա Դոնարուման ՊՍԺ-ում էր 2021 թվականի հուլիսից: Նա թիմի կազմում անցկացրել է 161 խաղ, որոնցից 56-ում դարպասը պահել է անառիկ: ՊՍԺ-ի հետ նա նվաճել է 10 տիտղոս՝ 4 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 2 անգամ՝ երկրի գավաթակիր, 3 անգամ՝ Սուպերգավաթակիր, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ ինքն է պատասխանատու Դոնարումային կազմից դուրս թողնելու համար՝ նշելով, որ իրեն անհրաժեշտ է այլ տիպի դարպասապահ, թեև իտալացին համարվում է աշխարհի լավագույններից մեկը:

Leave a Comment