Ռուս քաղաքագետ Եվգենի Միխայլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել Վաշինգտոնում:
«Նիկոլ Փաշինյանն ինչ-որ երաշխիքների ներքո որոշել է դեմ գնալ իր իսկ պետությանը։ Մեծ հաշվով, «Զանգեզուրի միջանցքը» 99 տարով ամերիկյան կողմին հանձնելը Հայաստանի սուբյեկտայնության մասնակի կորուստ է։ Ժողովրդին այդ մասին ոչ ոք չի հարցրել։ Ավելին, չկա երաշխիք, որ այս խաղաղության պայմանագիրը չի խախտվի։ Այն, որ Դոնալդ Թրամփը երաշխավորում է իր միջամտությունը երկու կողմերին՝ խախտումների դեպքում, ոչինչ չի նշանակում։ Հենց կողմերից մեկը դադարի անհրաժեշտ լինել, կամ ավելի լուրջ խաղացողները պայմանավորվեն ինչ-որ այլ բանի մասին, այդ խաղաղության պայմանագիրը կարելի է նետել աղբամանը», — ասել է Միխայլովը։
Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանն ի սկզբանե կատարում է այն հանձնառությունները, որոնցով եկել է իշխանության:
«Առայժմ դա սպառնում է Ռուսաստանի Դաշնության ազգային շահերին, քանի որ ի սկզբանե Փաշինյանը համաձայնել է այն առաջարկներին, որոնք մշակվել էին 2020 թվականի նոյեմբերին, որտեղ «Զանգեզուրի միջանցքը» կվերահսկեին ռուս սահմանապահները։ Դա ձեռնտու էր և՛ Ադրբեջանին, և՛ Իրանին։ Իսկ հիմա, չնայած ռուսական և իրանական կողմերի արտաքին դրական արձագանքներին, որ մենք ողջունում ենք խաղաղ պայմանավորվածությունները, շատ մտահոգիչ հարցեր կան։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի վատ ավարտի։ Իսկ նա արդեն հայտարարել է, որ հնարավոր կլինի տարածքների փոխանակում, սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, դա լավ է, դա գրված է եղել, բայց փաստ չէ, որ դա կլինի հենց հայկական կողմի օգտին։
Փաշինյանը կատարում է ի սկզբանե այն հանձնառությունները, որոնցով եկել է իշխանության՝ տարանջատել Հայաստանը ռուսական ազդեցությունից, կատարել որոշակի առաջադրանքներ և հանգիստ հեռանալ խաղաղության, փողի և անվտանգության երաշխիքի ներքո։ Իսկ թե ինչ կլինի Հայաստանի և հայ ժողովրդի հետ, իմ կարծիքով, նրա համար միևնույն է», — եզրափակել է Միխայլովը։