Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Հայելի» ակումբում խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի, Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ հռչակագրի ստորագրման մասին՝ ասաց. «Առաջին հերթին պետք է ասել, որ պետության ղեկավար կոչված անձն ամբողջովին տրվեց այսպես կոչված «խաղաղություն» ձեռք բերելու սեփական քմահաճույքներին: Եվ այդ պարագայում ինքը «մոռացավ» մի քանի հարց, ավելի ճիշտ, դիտավորյալ արեց: Եթե հիշում եք, երբ հարց տվեցին, թե ինչպես է լուծվելու արցախահայության խնդիրը, պարոնն այնպես այլայլվեց, որ արդեն պարզ էր, որ նա չէր նախատեսում, որ այդպիսի հարց պետք է հնչի: Արցախ բառն իր մոտ արդեն առաջացնում է ալերգիա, ինքը դրանից ամբողջովին այլայլվում է: Իր գլխավոր հարցերից մեկը այն է, որ 120 հազար մեր հայրենակիցները սրանց պատճառով զրկվում են ընդհանրապես Արցախ, իրենց հայրենիք վերադառնալու իրավունքից: Սա ամենամեծ ողբերգությունն ու խայտառակությունն է: Ուստի պայքարը ավարտված չի: Ես համոզված եմ, որ արցախահայությունը, մենք, բոլորս, հայրենակիցներս պարտավոր ենք շարունակելու այդ պայքարը: Եվ պետք է ամեն գնով թույլ չտանք, որ ԵԱՀԿ-ն հրաժարվի իր մանդատից, որը դեռ լուծարված չէ:
Մենք արցախահայության կողմից հազարավոր ստորագրություններն արդեն պատրաստել ենք: Հիմա կմիանանք բոլորս, այլեւս չենք սպասի եւ այդ նամակը կուղարկենք ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակ՝ պահանջելով, որպեսզի նրանք շարունակեն իրենց մանդատի իրականացումը՝ կարգավորեն Արցախի հիմնահարցը: Թույլ տալ, որպեսզի ցեղասպան Ալիեւը հրճվի նրանից, որ Հայաստանն այլեւս որեւէ ձեւով չի անդրադառնում արցախահայությանը, անընդունելի է հայության համար: