2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի եռակողմ հանդիպման ավարտին ստորագրվեց համատեղ հռչակագիր, որով կողմերը հաստատեցին խաղաղության և հաղորդակցությունների բացման շրջանակը։
Փաստաթղթով ամրագրվեց, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը պետք է լինի անխոչընդոտ՝ Հայաստանի համար «փոխադարձ առավելություններով»։ Միաժամանակ նախատեսվեց, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրականացումը կլինի ամերիկյան բացառիկ վերահսկողությամբ։
Հիշեցնենք, թե վերջին շաբաթներին իրադարձությունները ինչ ուշագրավ ձևով զարգացան. սկզբում Փաշինյանը մեկնեց Ստամբուլ և Էրդողանի հետ քննարկեց հաղորդակցության ուղիների հարցը, որի ավարտին Էրդողանը հայտարարեց, որ Փաշինյանը մեղմել է դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցով։ Դրան հաջորդեց Աբու Դաբիում կայացած Փաշինյան–Ալիև հինգժամյա բանակցությունները, որի ավարտին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե Հայաստանը կարող է քննարկել Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը միջազգային, այդ թվում՝ ամերիկյան ընկերության արտապատվիրակելու հնարավորությունը։
Այս հայտարարությանը հետևեց Փաշինյանի մի քանի ժամ տևած ասուլիսը, որտեղ նաև մանրամասն և հետևողականորեն փորձում էր բացատրել, թե ինչպես պետք է աշխատի ամերիկյան առաջարկը՝ տպավորություն ստեղծելով, թե ամեն ինչ արդեն քննարկված և համաձայնեցված է:
Սակայն մի քանի օր անց Փաշինյանը անսպասելի մեկնեց Ալթայ՝ մասնակցելու ինչ-որ անհասկանալի բնապահպանական միջոցառման, որտեղ, հավելենք, նա միակ երկրի ղեկավարն էր։ Նրա մեկնումից ընդամենը մի քանի ժամ անց ՔՊ-ն հայտարարեց, որ ամերիկյան առաջարկը Հայաստանի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ։ Վարչապետը, կարծես թե, այս թեման փակված համարելով մեկնեց երկարատև արձակուրդ, որը, սակայն, կիսատ թողեց և ուղևորվեց ԱՄՆ՝ վերոնշյալ փաստաթղթերը ստորագրելու համար։
Շատերը հավանաբար նկատել են, որ ստորագրման պահին վարչապետը բավական լարված էր։ Չնայած վերջին շրջանում նա միջազգային հարթակներում նկատելիորեն բարելավել է իր անգլերենի իմացությունը և ավելի սահուն է արտահայտվում, այս անգամ նա կաշկանդված ընթերցում էր թղթից՝ թերևս բավարար ժամանակ չունենալով ավելի լավ պատրաստվելու համար՝ ի հակադրություն Իլհամ Ալիևի, որի ուրախությունն ու հրճվանքը ուղղակի բացահայտ էին։
Հետաքրքիր էր, որ ԱՄՆ-ի կողմից տարածված մի քանի տեսանյութերում Փաշինյանը կարծես տեղում էր փորձում կարդալ և հասկանալ, թե ինչ է ամրագրված փաստաթղթերում, ինչը նույնպես տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսացավ, որ տեքստում միգուցե վերջին պահին ինչ-որ փոփոխություններ են կատարվել։
Փաստաթղթերի ստորագրումը ողջունեցին տասնյակ երկրներ և միջազգային կառույցներ, սակայն առնվազն այս պահին ՀՀ քաղաքացիների համար հստակ չէ՝ արդյոք «Թրամփի ուղու» մուտքի և ելքի կետերում Հայաստանի կողմից մաքսային հսկողություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, և եթե ոչ, արդյոք Հայաստանի քաղաքացիները նույն անխափան ռեժիմով օգտագործելո՞ւ են Նախիջևանի տարածքը Հայաստանի հարավային մարզեր կամ Ադրբեջանի տարածքով, դիցուք, Ռուսաստան գնալու համար:
Ուշագրավ է, որ չնայած Փաշինյանը ստորագրելուց հետո հայտարարեց, թե նախաձեռնությունը կարող է տնտեսական և հաղորդակցային նոր հնարավորություններ ստեղծել նաև Ռուսաստանի և Իրանի համար, Մոսկվայի և Թեհրանի արձագանքները հստակ ցույց տվեցին, որ այս պատկերացումը նրանք միանշանակ չեն կիսում։
Իրանի և Ռուսաստանի մտավախություններն ակնհայտ են, նրանք կարծում են, որ «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակում ներգրավված ամերիկյան կառույցները կամ կապալառուները կստանան այնպիսի գործառույթներ, որ փաստացի հնարավորություն կունենան վերահսկելու և վերլուծելու Հյուսիս–հարավ երթուղով իրականացվող բեռների և տարանցման ամբողջ հոսքը, որը նրանք չէին ցանկանա, որ Արևմուտքը տիրապետեր։
Ռուսաստանի ԱԳՆ-ն, պաշտոնապես ողջունելով հանդիպումը, հիշեցրեց, որ Երևանի և Բաքվի կարգավորման հիմքերը դրվել էին Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ տարածաշրջանի խնդիրների «օպտիմալ լուծումները» պետք է գտնվեն և իրագործվեն հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ։ Մոսկվան ընդգծեց, որ ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է ստեղծի նոր բաժանարար գծեր կամ բարդացնի իրավիճակը։
Իրանի արձագանքը առավել կտրուկ էր։ Նախ գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Թրամփի ուղին» որակեց «քաղաքական դավադրություն»՝ ուղղված Իրանի և մի շարք հարևանների դեմ։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է «օձի նման» սողոսկել Իրանի և Ռուսաստանի միջև, և Թեհրանը կկանխի դա Ռուսաստանի հետ կամ առանց նրա։
Այնուհետև Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, որ թույլ չեն տա, որ ԱՄՆ-ի ծրագրերն իրականացվեն, ընդգծելով, թե «Կովկասը մերն է, այնպիսի ընդհանուր սահման, ինչպիսին մենք ունենք, ոչ ոք չունի։ Այնպես չէ, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ծրագիր իրականացվելու է, ընդհանրապես այդպես չէ։ Մեր ուժերը պատրաստ են, և եթե որևէ բան լինի, մեր ուժերն առաջինը կլինեն, որ կմտնեն տարածաշրջան։ Մենք դա պաշտոնապես հայտարարել ենք։ Մենք դա հաստատակամ ենք ասել։ Մենք ոչ մեկի հետ կաշկանդված չենք»։
Իհարկե սյուռ է, երբ մի երկիր, որի ամբողջ ռազմական վերնախավը մի քանի ժամվա ընթացքում թիրախային հարվածներով ոչնչացվել է իրենից տարածքով 75 անգամ և բնակչությամբ 10 անգամ փոքր այլ պետության կողմից, հաթաթա է տալիս ԱՄՆ-ին, այն նույն ԱՄՆ-ին, որը մեկ ռազմական գործողությամբ գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց Իրանի տասնամյակների միջուկային ծրագիրը, սակայն այն, որ Իրանը ցանկության դեպքում Հայաստանի համար խնդիրներ կարող է ստեղծել՝ ակնհայտ է:
Ինչևիցե, Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կարող է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել։
Աստված տա, որ այդպես լինի, սակայն Իրանի և Ռուսաստանի կոշտ արձագանքները, փոխադարձության պայմանների անհստակությունը, երկրի ներսում ռուսական շահերը սպասարկող բազմաթիվ խմբերի գործողությունները ստեղծում են վտանգ, որ խաղաղության փոխարեն միգուցե բացել ենք Պանդորայի արկղը՝ այժմ արդեն Հայաստանը դարձնելով մի նոր խոշոր աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմ, ինչպես տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղն էր։
Մարի Ներսեսյան
MediaLab.am