
«Ալ-Նասրը» պատրաստ է «Բավարիային» առաջարկել մոտ 30 միլիոն եվրո Կինգսլի Կոմանի համար, հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ակումբը, որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, արդեն բանակցություններ է վարում մյունխենյան ակումբի հետ ֆրանսիացի վինգերի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Կոմանին կարող են առաջարկել պայմանագիր՝ տարեկան 20-25 միլիոն եվրո աշխատավարձով։
Կոմանի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Ֆրանսիացին մյունխենյան ակումբում անցկացրել է 339 խաղ, խփել 72 գոլ և կատարել 71 գոլային փոխանցում։
Անցած մրցաշրջանում Կոմանը Բունդեսլիգայում մասնակցել է 28 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։