Այսուհետ «ասիչը» Տեբա՞սն է․ Լա Լիգայի ղեկավարը մեծ առավելություն է ստացել

Սահմանվել է Իսպանիայի գլխավոր ֆուտբոլային մրցաշարերի մրցավարության կոմիտեի կազմը, որը պատասխանատու կլինի մրցավարների և VAR օպերատորների նշանակումների համար։ Կոմիտեն բաղկացած է երեք անդամից։

Իսպանիայի Ֆուտբոլի Թագավորական Ֆեդերացիան ներկայացնում է մրցավարական կոմիտեի նոր նախագահ Ֆրան Սոտո Բալիրակը։ Լա Լիգայի շահերը կպաշտպանի մարզիչ Գրեգորիո Մանսանո Բալյեստերոսը, որը հայտնի է «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլիա», «Մալյորկա», ինչպես նաև չինական «Շանհայ Շենհուա» և «Բեյցզին Գոան» ակումբներում կատարած աշխատանքով։ Կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև նախկին մրցավար Ֆերնանդո Տեյշեյրա Վիտյենեսը։

Հակառակ ավանդույթին, երբ մրցավարների նշանակումները կատարում էին բացառապես նախկին մրցավարները, այժմ որոշումների կայացման գործընթացին կմասնակցի նաև մարզիչ՝ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի առաջարկությամբ։ Այս նորամուծությունը քննադատության է արժանացել։ Մասնավորապես, լրագրող և նախկին մրցավար Խոան Ֆաբրեգասը այն անվանել է «անհեթեթ և պոպուլիստական»։ Նա կասկած է հայտնել, թե ինչպես կարող է Մանսանոն, առանց անհրաժեշտ գիտելիքների և փորձի, որոշել, թե ով պետք է ղեկավարի այս կամ այն խաղը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Մանսանոյի՝ «Ատլետիկո Մադրիդ» և «Մալյորկա» ակումբների հետ նախկին կապերը կարող են կասկածներ առաջացնել նրա անաչառության վերաբերյալ։

Leave a Comment