Թրամփի ուղղով նաև միջազգային բեռներ են անցնելու․ դրանից լավ խաղաղության երաշխիք չի կարող լինել․ Վոլոդյա Հակոբյան

Լրագրող Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ինչպես արդեն բազմիցս ասել եմ` իմ կարծիքով Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ապաշրջափակումը և հետո միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Չկա գետնի վրա փոխադարձ շահ, հետաքրքրություն, չկա խաղաղություն` որքան էլ թղթի վրա այն կնքվի։ Կա գետնի վրա փոխադարձ շահ, հետաքրքրություն` կա խաղաղություն, որը լավ կլինի, որ նաեւ ամրագրվի թղթով։ Իսկ եթե գետնի վրա կան նաեւ այլ շահեր, մասնակիցներ, ապա էդ խաղաղությունն անձեռնմխելի է դառնում։

Եթե տեղի ա ունենում ապաշրջափակում, իսկ մենք բազմաթիվ աղբյուրներից այսօր լսեցինք, որ բացի խաղաղության շրջանակային ինչ-որ փաստաթղթի ստորագրումից, համաձայնագրի նախաստորագրումից, նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվելու ”Թրամփի ուղու» մասին, որը ենթադրում է ամերիկյան ներդրումներ` ենթակառուցվածքներ ստեղծելու եւ ճանապարհները ապաշրջափակելու մասին, ապա նշանակում է, որ այստեղ նաեւ այլ խաղացողներ են լինելու, որոնց համար կարեւոր է լինելու տարածաշրջանով անցնող բեռների անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը, ապահովությունն ու անխափան գործարկումը։ Սրանից լավ խաղաղության երաշխիք ուղղակի չի կարող լինել։

Իսկ այդ ճանապարհները, երկաթուղիները եւ այլն կկառուցվեն ամերիկյան խոշորածավալ ներդրումներով, որոնք կպատկանեն Հայաստանի Հանրապետությանը։ Որոնց վրա իրավազորություն կունենա բացառապես Հայաստանի Հանրապետությունը։ Սա փաստել են նաեւ դիվանագիտական աղբյուրները` նշելով, որ Սյունիքով անցնող ճանապարհը բացվելու է Հայաստանի իրավազորության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմամբ։ Սպասարկումը կկատարեն ամերիկյան մասնավոր կամ համատեղ միջազգային ընկերություններ։ Ի դեպ ներդրումները եւս կարող են լինել բազմակողմ։ Իսկ սպասարկման առումով այդպիսի օրինակներ Հայաստանում շատ կան` Երկաթուղիները, օդանավակայնը, Վեոլիա ջուրը եւ այլն։

Իսկ արդյո՞ք ապահովվելու է ճանապարհների անխոչընդոտությունը։ Այո, այն իմաստով, որ հիմա ադրբեջանական եւ որեւէ այլ բեռներ հնարավոր չէ Ադրբեջանի սահմանից ՀՀ տարածքով անցկացնել դեպի Նախիջեւան` առկա են խոչընդոտներ փակ սահմանի տեսքով։ Պայմանավորվածության ի կատար ածումից հետո այդ խոչընդոտը չի լինի, բայց բեռները, մարդիկ կանցնեն այն բոլոր ընթացակարգերով, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ։ Չե՞ն տեսնի ադրբեջանցիները հայ մաքսավորների, սահմանապահների։ Թերեւս ոչ` կտեսնեն ամերիկացիների, որոնք կգործեն ՀՀ օրենքներով։ Այնպես, ինչպես օդանավակայանում մինչեւ վերջերս կարող էինք հանդիպել ռուսների` ոչ հայերի, բայց որոնք աշխատում էին ՀՀ օրենքների համաձայն։

Իսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Թրամփի ներկայությամբ ենթադրում է այդ համաձայնագրի վերջնական ստորագրության համար ամերիկյան երաշխիք, որը, կարծում եմ, տեղի կունենա միայն 2026-ի ընտրություններից հետո միայն, երբ Փաշինյանի քաղաքական ուժը կվերընտրվի, կամ իշխանության կգան ադեկվատ ուժեր` «խաղաղության կուսակցությունից»:

Leave a Comment