ՀԲԸՄ «FOCUS Yerevan 2025»-ը ամրապնդում է սփյուռք-հայրենիք կապը

2025 թվականի հուլիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀԲԸՄ «FOCUS»-ն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Հնգօրյա միջոցառումը մեկտեղեց 600 երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) աշխարհի շուրջ 28 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Իսպանիայից, Լիբանանից, Կանադայից, Ճապոնիայից, Չինաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, և այլն։

«FOCUS»-ի գլխավոր նպատակը հայ երիտասարդ արհեստավարժներին միավորելն է՝ հիմնվելով նրանց ընդհանուր հետաքրքրությունների և աշխարհայացքի վրա։ Ինչպես նշում է ՀԲԸՄ ԵԱ գլոբալ ցանցի ղեկավար Քրիստինա Լալամա-Նապին, «FOCUS»-ն առանձնանում է նրանով, որ այն նախատեսված է երիտասարդ արհեստավարժների համար և կազմակերպվում ու իրագործվում է հենց նրանց կողմից։ 2001 թ.-ից յուրաքանչյուր գագաթնաժողով տեղի է ունենում քառասունից ավելի քաղաքում գործող ԵԱ խմբերից մեկի նախաձեռնությամբ և ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակի աջակցությամբ։ Սա հրաշալի հնարավորություն է՝ զարգացնելու խմբերի նախաձեռնողականությունն ու կազմակերպչական հմտությունները՝ միաժամանակ ստեղծելով հենց նրանց մտահոգություններն ու ձգտումներն արտացոլող օրակարգ»։

Յուրաքանչյուր «FOCUS» գագաթնաժողով ամրապնդում է ՀԲԸՄ «Երիտասարդ արհեստավարժներ» (ԵԱ) ծրագրի գլոբալ ցանցը՝ հաշվի առնելով, որ մասնակիցների թիվն անընդհատ աճում է։ Պարբերաբար հանդիպելով մի որևէ քաղաքում՝ նրանք տոնում են հայկական մշակութային ժառանգությունն ու ինքնությունը, ինչպես նաև միավորվում են բարեգործական նախաձեռնությունների շուրջ։ Օրինակ՝ այս տարի հավաքագրվեց ավելի քան 180,000 ԱՄՆ դոլար՝ ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրին աջակցելու համար։

«Տեսանկյուններ» համաժողովի զեկուցաբերները (ձախից աջ)՝ վարող Ալեքսանդր Հակոբյան, Քրիստինա Այանյան, Լևոն Գրիգորյան, Արտո Բըլըքդանյան և Տիգրան Ձիթողցյան։

Հատկանշական է նաև, որ «FOCUS Yerevan 2025»-ի հովանավորները կարևոր դեր ունեցան բազմաշերտ միջոցառման կայացման գործում, ի դեմս՝ գլխավոր բարերարներ Ուիլյամ և Քարոլին Նազարյանների և Նիքոլաս Նազարյանի, ինչպես նաև «Freedom Broker Armenia», «Զուլալ», «Picsart», «JoBlo», «One Pillow» ընկերությունների, և այլ ներկայացուցիչների և ՀԲԸՄ երիտասարդական ցանցի աջակիցների։

Բազմաթիվ մասնակիցներ, որոնցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում, հնարավորություն ունեցան ծանոթանալու երևանյան միջավայրին և ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերին՝ շփվելով շահառուների հետ, մասնակցելով կամավորական աշխատանքների և մշակութային ծրագրերի, ինչպես նաև նոր հայացք ձևավորեցին սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ։

Ընդունելություն ՀԲԸՄ Հայաստանում

Միջոցառումը մեկնարկեց ՀԲԸՄ Հայաստանի ետնաբակում կազմակերպված ընդունելությամբ, որտեղ մասնակիցներին ողջունեցին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը և ՀԲԸՄ ԵԱ Երևանի նախագահ Հայկազ Նահապետյանը, ինչպես նաև ՀԲԸՄ Հայաստանի և Նյու Յորքի գրասենյակների աշխատակիցները, Կազմակերպչական հանձնախմբի անդամներն ու կամավորները։

Յակուբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ հորդորելով մասնակիցներին ամրապնդել կապը միմյանց հետ․ «Մինչ դուք վայելում եք հատուկ մշակված հնգօրյա ծրագիրը, խնդրում եմ՝ փորձեք նոր ընկերներ ձեռք բերել, կապ հաստատել գործընկերների հետ և հանդես գալ այնպիսի նախագծերով, որոնք կհզորացնեն մեր երկիրը: Քանի որ միայն հզոր Հայաստանի՝ պատմության մեջ խոր արմատներ գցած և մեր ինքնության երաշխավոր երկրի առկայության դեպքում մենք կունենանք հզոր սփյուռք և ազգ, որով բոլորս հպարտ ենք։ Հետևաբար եկեք միասին պատմություն կերտենք մեր ստեղծարարությամբ, քաջությամբ և միասնությամբ, քանի որ միությունը զորություն է»:

Ընդունելության ժամանակ Նորքի հայորդյաց տան սաները հանդես եկան պարային կատարմամբ, որից հետո պարուսույցները հայկական պարի դաս անցկացրին ներկաների համար։ Մասնակիցների մի մասը միացավ երևանյան շրջայցին՝ տեսնելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը, «Visual Gap Gallery»-ն, Մոսկվա կինոթատրոնը և Ժամացույցի գործարանը, որտեղ մասնակցեցին նաև տպագրության աշխատարանին: Նրանք նաև հնարավորություն ունեցան տեսնելու Երևանն այնպիսի պատմական կառույցների տանիքներից, ինչպիսիք են՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի պատմության թանգարանն ու Երևանի քաղաքապետարանը, որտեղ նրանց դիմավորեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վաթսուն մասնակիցներից բաղկացած ՀԲԸՄ ԵԱ գործադիր անդամների աշխատաժողովը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում։ Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ինչպես կարելի է ԵԱ-ի գործունեությունը ավելի արդյունավետ և ներառական դարձնել, ինչպես վարչական, այնպես էլ գաղափարական առումներով՝ միաժամանակ ԵԱ խմբերի և նրանց համայնքների միջև խթանելով ավելի զորեղ փոխգործակցություն:

Աշխատաժողովից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ հանդիպեց ԵԱ գործադիր անդամներին՝ ուղեկցությամբ Վազգեն Յակուբյանի։ Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու և ՀԲԸՄ-ի երկարամյա փոխգործակցությանը՝ ընդգծելով կազմակերպության նշանակալի դերը թե՛ հայկական սփյուռքին, թե՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սատարելու գործում։

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հայրենիքում ստացած տպավորությունները կոգեշնչեն երիտասարդներին՝ ավելի զգայուն ու հոգատար լինելու ազգային արժեքների ու սրբությունների նկատմամբ և ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հայ ժողովրդի կյանքում՝ հորդորելով նրանց հետևել ՀԲԸՄ հարգարժան ղեկավարների և վարչության անդամների օրինակին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանակ հատկացրեց  նաև պատասխանելու ներկաների հարցերին այնպիսի թեմաների շուրջ, ինրպիսիք են՝ երիտասարդության ներգրավվածությունը եկեղեցական կյանքին, հոգևորականների պատրաստումն ու ծառայությունը և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները:

Հանդիպմանը զուգահեռ «FOCUS»-ի 150 մասնակիցներից բաղկացած խումբը շրջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքով՝ այցելելով Էջմիածնի Մայր Տաճար, Ամենայն Հայոց 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանի և Ռուբեն Սևակի թանգարաններ: Շրջայցի ժամանակ ևս մեկ անգամ տեղեկացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀԲԸՄ-ի կատարած ներդրումների՝ մասնավորապես Հին Վեհարանի վերանորոգման ու «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն-թանգարանի հիմնադրման մասին։

Մեկնարկային համաժողով

«Հեռանկարներ»-ը «FOCUS»-ի օրակարգի պաշտոնական միջոցառումն է, որն այս անգամ անցկացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Երկու աշխարհների միջև՝ կամրջելով հեռանկարները, ձևավորելով ապագան» խորագրով պանելային քննարկման միջոցով։ Խոսնակներն էին «NASDAQ»-ի գործադիր պրոդյուսեր Քրիստինա Այանյանը (Նյու Յորք, ԱՄՆ), «Crowe Sapin»-ի բանկային և ֆինանսական գործընկեր և ԵԱ Բարսելոնայի նախագահ Լևոն Գրիգորյանը, եգիպտագետ Արտո Բելեքդանյանը (Կահիրե, Եգիպտոս) և նյույորքաբնակ ականավոր դիմա-գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանը։ Քննարկումը վարում էր հաղորդակցության փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։

Համաժողովի շրջանակներում քննարկվեցին հայկական ինքնության արդի սահմանումները, թե ինչպես են սփյուռքահայերը հավասարակշռություն պահում իրենց քաղաքացիության և էթնիկ ինքնության միջև և ինչպես կարող են կառուցողական ներդրում ունենալ հայրենիքում ու իրացնել աշխարհասփյուռ համայնքներում առկա ներուժը:

Թանգարանի բակում քննարկմանը հաջորդեց հյուրասիրություն՝ միջոցառման հովանավոր «Զուլալ»-ի կողմից տրամադրված գինիներով։ Յուրօրինակ կատարմամբ հանդես եկավ Վահան Բադալյանի հեղինակային «Շնչող արվեստ» նախագիծը, որը ականավոր նկարիչներ Մինաս Ավետիսյանի և Ժան Գառզուի աշխատանքները վերածում է պարային ինտերակտիվ ներկայացման:

ՀԲԸՄ-ին նվիրված օր

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՀԲԸՄ-ին նվիրված օրվա շրջանակներում հյուրերին ներկայացրին ՀԲԸՄ-ի ծավալած գործունեությունն ու ազդեցությունը Հայաստանում։ Հաջորդիվ անցկացվեց ՀԲԸՄ «Մենթորության էքսպո»-ն, որը ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ», ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրերի շահառուներին հնարավորություն ընձեռեց աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած երիտասարդ արհեստավարժներից մասնագիտական խորհուրդներ ստանալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ռազմավարական պլանավորումը, թվային նորարարությունն ու ԱԲ-ն բիզնեսում:

Ինչպես նշեց հայաստանաբնակ շահառուներից մեկը, «Մենք ոգեշնչվում ենք, երբ տեսնում ենք կայացած հայերի, որոնք իրենց կարիերան կառուցել են սփյուռքում և եկել են այստեղ՝ կամավոր հիմունքներով կիսելու իրենց գիտելիքներն ու փորձը: Դա իսկապես ոգեշնչող է և ցույց է տալիս, որ ՀԲԸՄ-ն շարունակաբար վերապատրաստում է իր շահառուներին նման արժեքավոր հնարավորությունների միջոցով»:

Օրվա երկրորդ կեսն անցկացվեց Մալաթիայի հայորդյաց տանը, որտեղ շուրջ 200 երիտասարդ արհեստավարժ օգնեցին պատրաստել հիգիենայի պարագաներով լցված 300 փաթեթ, գրենական պիտույքներով լեցուն 500 դպրոցական պայուսակ արցախցի երեխաների համար և շրջակայքում տնկեցին «Armenia Tree Project»-ի կողմից նվիրաբերված 720 թուփ և ծառ։

ՀԲԸՄ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երկարամյա համատեղ նախաձեռնությունը հանդիսացող Նորքի, Մալաթիայի և Արաբկիրի հայորդյաց տներն արդեն գործում են ավելի քան քսանհինգ տարի և կրթական ծրագրեր են առաջարկում տարեկան շուրջ 1700 աշակերտի։

FOCUS և արվեստ

Միջոցառման մշակութային հատվածն անցկացվեց Մատենադարանում. կառույց, որը տասնամյակներ շարունակ եղել է ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում։ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում հատուկ ցուցադրությամբ հյուրերին ներկայացվեցին հայկական մշակութային մի շարք արտադրանքներ, որին հաջորդեց երկու աշխատարան։ Վերջիններիս ժամանակ մասնակիցները ծանոթացան ձեռագրերի վերականգնման հիմունքներին և հին հայկական կարմիր գունաներկի՝ որդան կարմիրի պատրաստման եղանակին։

Մատենադարանի դահլիճում հյուրերին ներկայացրին նաև մշակութային տարբեր նախաձեռնությունների առաքելությունները, ինչպիսիք են՝ «Կերոն» և «Հոսք» հիմնադրամները, «ԹՈՒՄՈ ստուդիաներ»-ը, «Նյումեգ» հրատարակչությունը, «Արդեան արվեստի կենտրոն»-ը և «Մելոնպան»-ը։ Այնուհետև պարային կատարմամբ հանդես եկավ լիբանանահայ պարուհի և արտիստ Սարին Սեմերջյանը՝ Միքայել Ոսկանյանի նվագակցությամբ։

«Գալա» երեկույթ

«FOCUS Yerevan 2025»-ի երեկույթը տեղի ունեցավ «Dvin Music Hall»-ում, որին ներկա էին 525 հյուր: Երեկոն վարում էր ԵԱ Հայաստանի անդամ Լիա Եղոյանցը։ Դրա շրաջանակներում ելույթներով հանդես եկան ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Կամիլիո Ազուզը, ԵԱ Երևանի նախագահ Հայկազ Նահապետյանը և ՀԲԸՄ կրթաթոշակառու Հովսեփ Պատվականյանը։

Շեշտը դնելով այն հզոր միջավայրի վրա, որը «FOCUS»-ը ստեղծում է առաջնորդների նոր սերնդի համար՝ ՀԲԸՄ դպրոցների շրջանավարտ և ՀԲԸՄ կրթաթոշակառու Սեմ Սիմոնյանը խոսեց աշխարհասփյուռ հայ համայնքներում Միության ունեցած դերի մասին։ «Մենք բոլորս հպարտ ենք այն ահռելի աշխատանքով, որ կատարել են մեր մասնաճյուղերը մեր ինքնությունը պահպանելու համար: Մենք բոլորս այդ տեսլականի կենդանի ապացույցն ենք… Այսօր երեկոյան եկեք նշենք այն մեծ աշխատանքը, որ կատարել ենք այստեղ՝ Հայաստանում՝ լինի մարդասիրական օգնության, կրթության, մշակույթի, թե սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, մեր տարածաշրջանային նախագահ և վաղեմի բարեկամ Վազգեն Յակուբյանի ղեկավարությամբ։ Մեր բազմազանությունը, քաղաքական չեզոքությունը, առատաձեռնությունն ու ֆինանսական թափանցիկությունն այն հիմնական արժեքներն են, որոնք մեզ առաջնորդել են դեռ 1906 թվականից»:

YP Երևանի նախագահ Հայկազ Նահապետյանը բացում է «Տեսանկյուններ» համաժողովը։

Նահապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել «FOCUS Yerevan 2025»-ի հաջող իրականացման գործում՝ այդ թվում Կազմակերպչական հանձնախմբին, ՀԲԸՄ Կենտրոնական և հայաստանյան գրասենյակներին և աշխարհի տարբեր անկյուններից Երևան ժամանած հյուրերին։ «Սա պարզապես շքեղ երեկո չէ։ Սա հստակ ուղերձ է, որ մեր հայրենիքը հայ ժողովրդի պատմության կենտրոնում է։ ԵԱ Երևանն ու աշխարհի տարբեր ծայրերում գործող մյուս ԵԱ խմբերը տարիների ընթացքում ընդլայնել են իրենց մասնագետների շրջանակը։ Լիահույս ենք, որ առաջիկա տարիներին կշարունակենք զարգացնել այս ցանցը՝ օգտագործելով յուրաքանչյուր հնարավորություն…»:

Երեկոյի ժամանակ «Տարոնցիներ» պարային համույթը ելույթ ունեցավ ժողովրդական կատարումով, որից հետո ողջ երեկոյի ընթացքում «By The Way» և «Relax Project» խմբերի կողմից հնչեցին հայկական ավանդական գործիքներով ժամանակակից կատարումներ:

«FOCUS Yerevan 2025»-ը 12-րդ-ն էր երկարամյա գագաթնաժողովների շարքում, որոնք տեղի են ունեցել աշխարհի մի շարք քաղաքներում՝ Նյու Յորքում (2001, 2007), Մոնրեալում (2003), Մայամիում (2005), Չիկագոյում (2009), Փարիզում (2011), Սան Ֆրանցիսկոյում (2013), Տորոնտոյում (2015), Բեյրութում (2017), Սան Պաուլոյում (2019) և Մադրիդում (2023): Հաջորդը նախատեսվում է 2027 թվականի ամռանը:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որն իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը: Այսօր ՀԲԸՄ-ն գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր՝ ՀԲԸՄ-ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը:

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Գլխավոր լուսանկարում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունում է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և YP-ի գործադիր կազմին Էջմիածնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment