Ռուբեն Վարդազարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով

«Փաստինֆո». ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց վճիռը՝ մեղավոր ճանաչելով Ռուբեն Վարդազարյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև՝ 2 տարի ժամկետով զրկելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2025թ․ մարտի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, պետք է հրապարակեր ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով վճիռը, սակայն որոշել է գործի քննությունը վերսկսել՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննության անհրաժեշտությամբ։ Վերջինս դատարանում հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար ու որպես խափանման միջոց կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել 2021թ սեպտեմբեր ամսին, սակայն մեկ տարվա ընթացքում գործն այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չէր հասել, գտնվում էր դատաքննության նավապատրաստման փուլում։ Այնուհետեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում կայացրեց գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին և այժմ գործը դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment