Հոդվածում նշվում է, որ Փաշինյանն ու Ալիևը կմիանան Թրամփին բանակցությունների և ստորագրման արարողության համար, հայտնել են ամերիկացի պաշտոնյաները՝ անանուն մնալու պայմանով
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Սպիտակ տանը ուրբաթ կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, որը ներառում է ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցք զարգացնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմիանան Թրամփին Սպիտակ տանը՝ բանակցությունների և ստորագրման արարողության համար, հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները՝ անանունության պայմանով։ Պաշտոնյաների խոսքով, ակնկալվում է, որ նրանք կստորագրեն շրջանակային փաստաթուղթ, որն ուղղված է «խաղաղության կոնկրետ ուղու» հասնելուն և վաղուց հասունացած տարանցիկ խնդրի լուծմանը», – ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Ադրբեջանը խնդրել է Հայաստանի միջով տրանսպորտային միջանցք, որը կկապի իր տարածքի մեծ մասը Նախիջևանի՝ Բաքվի դաշնակից Թուրքիայի հետ սահմանակից ադրբեջանական անկլավի հետ։
Պաշտոնյաները կայքին հայտնել են, որ ուրբաթ օրը առաջնորդների կողմից ստորագրվելիք փաստաթղթերի մանրակրկիտ համաձայնեցված բաժնի համաձայն՝ Հայաստանը նախատեսում է Միացյալ Նահանգներին տրամադրել երկար ժամանակահատվածում տարանցիկ միջանցք զարգացնելու բացառիկ, հատուկ իրավունքներ, որը կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը հայտնի է TRIPP հապավումով։
Ըստ Reuters -ի, պաշտոնյաները հայտարարել են, որ երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի մի կոնսորցիումի, որը կզբաղվի ենթակառուցվածքներով և կառավարմամբ։
«Կոմերցիոն միջոցառումների շնորհիվ այս քայլը կապաշրջափակի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները», – ասել է պաշտոնյաներից մեկը։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև փաստաթղթեր կստորագրեն, որոնք պահանջում են լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է 1992 թվականին Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ՝ հակամարտության կարգավորմանը միջնորդելու նպատակով։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և վարչապետի մամուլի քարտուղարին՝ խնդրելով մեկնաբանել Reuters-ի տեղեկատվությունը։