Արտերկրից Հայաստան կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարվա առաջին կիսամյակում նվազել է 1.3%-ով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․   ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ՀՀ ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 587.6 մլն դոլար՝ 2024 թ.-ի հունվար-հունիս ամիսների 595.4 մլն դոլարի դիմաց, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Այսպիսով, այս ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է մոտ 1.3%-ով։ Միաժամանակ, այս տարվա հունիսին զուտ ներհոսքը կազմել է 75.9 մլն դոլար՝ նախորդ տարվա հունիսի 146 մլն դոլարի դիմաց։

ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ՀՀ ֆիզիկական անձանց  կատարված անդրսահմանային փոխանցումների հոսքը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 2.8 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.5 մլրդ դոլարի համեմատ։

Հայաստան կատարված փոխանցումների առաջատարների շարքում են Ռուսաստանը՝ 1.8 մլրդ դոլարով և ԱՄՆ-ն՝ 327.6 մլրդ դոլարով: Միաժամանակ, Ռուսաստանը և ԱՄՆ-ն անցյալ տարվա առաջին կիսամյակում ևս առաջատարներ էին  Հայաստան կատարված փոխանցումների ծավալով (համապատասխանաբար՝ 1.6 մլրդ և 325.3 մլն դոլար):

Միաժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց փոխանցումների արտահոսքը 2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 2.2 մլրդ դոլար՝ 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի 1.9 մլրդ դոլարի դիմաց։

Վեց ամսվա ընթացքում Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների առաջատարներն են ԱՄԷ-ն (343.5 մլն դոլար) և Շվեյցարիան (343.3 մլն դոլար): 2024 թ.-ի հունվար-հունիս ամիսներին առաջատարներն էին ԱՄԷ-ն (354.5 մլն դոլար) և Ռուսաստանը (303 մլն դոլար):

Leave a Comment