
«Հայկական ժամանակ»-ը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ զրուցել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի շուրջ ստեղծված «քաղաքական» և ոչ քաղաքական աղմուկի, դժգոհությունների, նաև համերգից ստացված էմոցիաների և այլնի մասին:
— Պարո՛ն Մանուկյան, համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում մեծ աղմուկ է բարձրացրել․ ընդդիմությունը, հասարակության որոշ հատվածը քննադատում են, որ նպատակահարմար չէր 6 միլիոն դոլար հատկացնել համերգին, այն դեպքում, երբ մի շարք խնդիրներ կան երկրում: Մյուսի մասի դժգոհությունը կապված է նրա հետ, թե ինչու է հենց Ջենիֆեր Լոպեսն ընտրվել, և ինչ սա տվեց Հայաստանին:
Հետևո՞ւմ եք այս ամենին և ի՞նչ կարծիք ունեք Դուք:
— Ես Ջենիֆեր Լոպեսի կարիքը երբեք չեմ ունեցել, չեմ էլ ունենա, բայց տեսա, թե ինչքան մարդիկ կան, որոնք ունեն նրա կարիքը: 15 հազար մարդ է եկել Հայաստան՝ Լոպեսի համերգին, ծախսել կեցության, սննդի գումար և այլն, և այլն: Ցանկացած դեպքում մենք շահած ենք դուրս եկել, անգամ եթե զբոսաշրջիկներին տոմսերն անվճար տրամադրվեր, նրանց ծախսած գումարների հարկերը գնում է պետությանը, հյուրանոցների հարկերը գնում են պետությանը, ռեստորանային բիզնեսը, որի վճարած հարկերն էլի գնում են պետությանը: Փորձը ցույց տվեց, որ Լոպեսի համերգի համար հատկացված գումարը արդարացված է. վերականգնվել է կրկնապատիկ: Սա միայն դրամական պատկերը: Պատկերացնո՞ւմ եք՝ 15 հազար մարդիկ դրսից իրենց սոցիալական տարբեր էջերում նշում են, որ Երևանում են, ուրախանում են, հաճույք ստանում: Ջենիֆեր Լոպեսը, որ ունի միլիոնների հասնող լսարան, գրում է, որ Հայաստանում է: Համոզված եմ՝ նյութական առումներով այն, ինչ ծախսվել է, բազմապատիկ ավելի օգուտ է բերել:
Իսկ թե ինչու է ընտրվել Ջենիֆեր Լոպեսը, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, պետք է պատասխանեն այն մարդիկ, որոնք սիրում են այդ աղջկան, փոփ երաժշտությունը:
— Եթե սուբյեկտիվ որակումներն ու անձնական ճաշակը մի կողմ թողնենք, ինչո՞վ էր պայմանավորված, որ մեր հասարակության մի որոշ հատվածն սկսեց կասկածի տակ դնել նրա տաղանդը, կարողությունները, շահարկել տարիքը և այլն:
— Քիմ Քարդաշյանը, որ եկել էր, նույն մարդիկ ասում էին՝ էս խի՞ է եկել, Շերը, որ եկել էր, նույն մարդիկ ասում էին՝ ինչո՞ւ է եկել, այսինքն՝ ում էլ բերեն, ինչ-որ մի բան կգտնեն, դժգոհություն կարտահայտեն:
— Քննադատության է արժանանում նաև մեգաաստղի բեմական հանդերձանքը: Այս մասով ի՞նչ կասեք:
— Այն մարդիկ, որոնք ասում են՝ էս ինչ հագուկապ է, թող իրենց նայեն: Էս ինչ խոր միջնադարում ենք մենք, նույնիսկ խոր միջնադարում արտիստի հագուկապի վրա չէին խոսում: Եկել է ձեր տա՞նն է նստել, որ վատ եք զգում. բեմի վրա մարդն իր արտիստական շորերն ունի, ի՞նչ եք ուզում էդ մարդուց: Ո՞նց կարելի է արտիստի հագուկապի մասին ինչ-որ բան ասել: Ինքը ռեստորան նույն շորերո՞վ է գնացել, չէ՛, իհարկե: Մատաղի հո չի եկել, որ դժգոհում եք, բեմի վրա է մարդը:
— Նրա տարիքը ևս շահարկման առարկա դարձավ:
— Եթե մեկին թվում է, թե աշխարհում կա մի տեղ, որտեղ ամեն ինչ ուղղակի տրվում է, ու 56-ում դու ունենում ես նման արտաքին, սխալվում են, դա լուրջ, խոր, ծանր աշխատանքի արդյունք է: Ես նայում եմ այդ աղջկան, ու հարգանք է առաջանում, որ այդ տարիքում երգում է, պարում, շատ ռիթմիկ է:
Մեր հասարակությունը խոր անբավարարվածության զգացողություն ունի, և դրան պետք է լուրջ վերաբերվել, հասկանալ՝ ինչ պետք է անել, որ այդպես չլինի: Պետք է սրան վերաբերվենք որպես ախտանշան, որ մարդիկ իրենց անբավարարվածությունը արտահայտելու պատճառ են փնտրում, թվում է՝ Ջենիֆեր Լոպեսից են դժգոհում, բայց դժգոհում են իրենց կյանքից, կյանքի որակից, չկատարված երազանքներից, իսկ Լոպեսը պարզապես պատրվակ է, վաղը բողոքելու այլ պատճառ կգտնեն:
— Մշակույթը, որը դուրս է բոլոր սահմաններից ու սահմանումներից, ինչո՞ւ մեր հասարակության շրջանում այսքան սահմանափակ ընկալումներ ունի:
— Արտիստը պետք է համապատասխանի իր մտահղացմանը․ ի դեպ, որոշ շատ պոպուլյար արտիստներ կան, որ ինձ ընդհանրապես դուր չեն գալիս իրենց փորի ծավալով, երգելաոճով, իրենց ադրբեջանական մուղամներով․ այ դա ինձ դուր չի գալիս, բայց ո՞ւմ բողոքեմ, փորձում եմ չպարտադրել իմ կարծիքը:
— Տարօրինա՞կ չէ, որ Լոպեսի համերգը նաև «քաղաքականացվեց». քաղաքական շրջանակներն սկսեցին դժգոհել, թե ինչու պիտի 6 միլիոն ծախսեն՝ ՋեյԼոյին Երևանում տեսնելու համար, այն դեպքում, երբ երկիրն ունի այսքան խնդիրներ:
— Ընդդիմության շրջանակներում մարդիկ կան, որոնք ունեն տասնյակ միլիոնների հասնող ապօրինի գույք․ այ էդ շրջանակները դժգոհում են, թե ինչ-որ մարդիկ ծախսել են վեց միլիոն և ստացել Հայաստանի PR, դիվիդենտներ՝ գումարի, գովազդի տեսքով: Այն քաղաքական գործիչները, ընդդիմադիրները, որոնք դժգոհում են համերգի վրա ծախսված գումարի չափից, թող հիշեն, որ իրենցից ամեն մեկի ապօրինի գույքը տասն անգամ, քսան անգամ ավելին է, քան այն, ինչ ծախսվել է համերգի վրա: Նույն վրդովվածությամբ թող մարդիկ կողքերը նայեն ու ամբողջ ձայնով գոռան, թե ինչի է կողքինը ապօրինի հարստացել մի քանի միլիոն դոլարով:
— Ընդդիմությունը նաև ասում է, թե նպատակահարմար կլիներ այս գումարները ծախսել ոչ թե օրինակ համերգի, այլ անվտանգային խնդիրների լուծման համար:
— Այդ հարցը անգամ հնչելու իրավունք չունի, որովհետև էն մարդը, որը որ նման բան է ասում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, կամ իր շրջապատը՝ թիմակիցները, «կոլեկտիվ Ռոբերտ Քոչարյանը» երբ ասում է, որ անվտանգության վրա պետք է ծախսենք, էդ մարդուն պետք է հարցնես, թե 2008 թվականին երբ մեր ռազմական բյուջեն 4 անգամ զիջում էր Ադրբեջանի ռազմական բյուջեին, այդ ժամանակ ինչո՞ւ այդ նույն հարցը չէր տալիս, անվտանգային խնդիրներ չկայի՞ն:
Անվտանգային խնդիրներ ունեն աշխարհի բոլոր երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այսպես շարունակ: Հետո այդ խնդիրները լուծելու համար բյուջե գոյություն ունի, բյուջեի քննարկման ժամանակ գնա ասա՝ 6 միլիոն փող ունեիր, ինչո՞ւ կալաշնիկով չես առել, ասենք, էդ մարդիկ պետք է իմանան այդ հարցը բարձրացնելու օրը, ժամը բարձրացման տեղը, թող գնան բարձրաձայնեն, երբ ռազմական բյուջեն է քննարկվում:
Ինչ էլ անես ընդդիմությունը քննադատելու է, հենց հիմա եթե Ադրբեջանը մեր սիրուն աչքերի համար Ղարաբաղը վերադարձնի մեզ, ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի, ընդդիմությունը պետք է քննադատի: Ուղղակի քննադատության որակ գոյություն ունի:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ